«Հորս արև, չի՛ հրավիրվել». Սպիտակցի Հայկոյի պրոդյուսերը հերքում է երգչին ոստիկանություն հրավիրելու մասին լուրը
«Ոչ մի նման բան չկա, սուտ լուրեր են, ով փորձել է տենց բան անի՝ ինքը սուտասան է, չգիտեմ՝ ոստիկանությա՞ն աշխատող է, թե՞ ուղղակի հասարակ քաղաքացի, տենց բան գոյություն չունի, շառ անելով հո չի՞»: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) պրոդյուսերը՝ Նորայր Ստեփանյանը՝ անդրադառնալով երգչին ոստիկանություն հրավիրելու մասին տարածված լուրերին:
«Հայկոն, 3-րդ օրն է, տանից դուրս չի գալիս, տանը նստած է, պարա՞պ են մնացել մարդիկ: Դուք փորձե՞լ եք զանգեք ոստիկանություն, ասեք՝ գիտեք ինչ կա, սենց բան կա՞, թե՞ ոչ: Մի հիմար մի քար գցում է փոսը, 10 խելոք չեն կարողանում հանել, պետք է զանգեք ոստիկանություն, ինքներդ համոզվեք, որ գրեք: Ինչի՞ համար պետք է տանեն ոստիկանություն, լավ երգելու համա՞ր, լավ երգելու համար հարսանիք են տանում: Ես հերքում եմ, Հայկոն էլ է հերքում»,- ասաց երգչի պրոդյուսերը:
Ոստիկանության լրատվական վարչությունից 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք երգիչը հրավիրվե՞լ է ոստիկանություն.
«Պարզաբանում ստանալու նպատակով հրավիրվել է ոստիկանություն, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Եթե չգար՝ կասեինք՝ չի եկել, հրավիրվել է պարզաբանում տալու նպատակով, և ինքը ներկայացել է»:
168.am-ը կրկին կապ հաստատեց Հայկ Ղևոնդյանի պրոդյուսերի հետ և ոստիկանությունից ստացած հենց այս տեղեկությունը փոխանցեց նրան, այդ դեպքում ո՞րն է պատճառը հերքելու, գուցե Հայկ Ղևոնդյանը խուսափում է հաստատել լուրը:
«Կրկնում եմ նորից, հորս արև, չի՛ հրավիրվել, հո լակոտ չե՞նք՝ խափենք: Հերքում եմ ես ամեն ձև, ով որոշել է, որ Հայկոն գնացել է ոստիկանություն, սխալ որոշում է, տենց բան չկա, Այդ մարդը, 3 սուտկա է՝ տանը նստած է»,- ասաց երգչի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը:
Այս խոսակցությունից րոպեներ անց Ստեփանյանը կապ հաստատեց մեզ հետ և փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է երգչի հետ, և փոխանցեց հետևյալ մանրամասները:
«Երգի հեղինակային իրավունքների պաշտպանման բաժին է բացվել ոստիկանության վարչությունում, այդ ծառայության հետ կապված զանգել են, իրեն հարցրել են՝ առարկո՞ւմ եք, այդ հարցերով խոսացել են, բայց իրեն բերման չեն ենթարկել, չեն կանչել: Ընդամենը զանգով խոսել են, երգերի հեղինակային իրավունքների հետ կապված հարցուպատասխաններ է եղել: Սովորաբար ինձ հետ են նման հարցերը կարգավորում, բայց թե խի՞ են առանձին զանգել, չգիտեմ, երևի անձնական համարն ունեցել են, փորձել են իր հետ կապվել»,- ասաց Ստեփանյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ երգիչը ոստիկանություն չի գնացել: