Դատախազը հրապարակում է «Սասնա ծռերի» գործով մեղադրական ճառը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստում այդ գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակում է գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը արդեն 4-րդ տարին են քննվում:
Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Նրանցից գրեթե բոլորի խափանման միջոց կալանքը փոխվել է, և այսօր վերջիններս գտնվում են ազատության մեջ:
Անազատության մեջ են պահվում միայն սպանությունների մեջ մեղադրվող զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:
Այս պահին շարունակվում է մեղադրական ճառի հրապարակումը:
Մանրամասները՝ տեսանյութում