Գիտական մթնոլորտի առողջացմանն ուղղված առաջին քայլը ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում
Ձեզ ենք ներկայացնում Բյուրականի աստղադիտարանի նորընտիր գիտական խորհրդի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Տեր–Ղազարյանի հոդվածը հատուկ 168.am-ի համար:
Նախորդ 9 տարիների փորձն ապացուցեց, որ ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում ստեղծված հակաաշխատանքային իրավիճակը, հոգեբանական անառողջ մթնոլորտը և դրա օրեցօր վատթարացումը պայմանավորված են եղել ներկայիս տնօրեն Հայկ Հարությունյանի` աստղադիտարանի համար վարկաբեկիչ ու կործանարար գործունեությամբ: «168 Ժամ» շաբաթաթերթի մարտի 22-ի (2012թ.) համարում հրապարակված իմ հարցազրույցում նշել էի, որ Հ. Հարությունյանը ապաշնորհ և վնասակար կազմակերպիչ լինելուց զատ՝ նաև վարկաբեկված գիտնականի համբավ ունի գիտական հանրության մեջ: Նրա դոկտորական ատենախոսության վերաբերյալ գիտական հասարակության մեջ հնչեցվել են մի քանի ճանաչված մասնագետների խիստ բացասական կարծիքները: Մասնավորապես, իրենց պաշտոնական նամակներում, Ա. Ալիխանյանի անվ. Ազգային լաբորատորիայի աշխատակից ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների 3 դոկտոր-պրոֆեսորներ` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը, Վահագն Գուրզադյանը և Արա Սեդրակյանը, ինչպես նաև՝ ԱՄՆ Կորնելի համալսարանի աստղագիտության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Երվանդ Թերզյանը, վերոնշյալ դոկտորական ատենախոսությունը որակել են՝ որպես հակագիտական: Այժմ դրանց ավելացել է նաև Ալիխանովի անվան Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Մ. Ի. Վիսոցկու խիստ բացասական կարծիք-նամակը, որը եզրափակվում է հետևյալ խոսքերով. «Այդ ատենախոսության պաշտպանությունը կվնասի միշտ բարձր մակարդակի վրա գտնվող Հայաստանի գիտությանը»: Հ. Հարությունյանի ղեկավարած նախորդ գիտական խորհրդի կողմից այդ ատենախոսությունը «երաշխավորվել էր» պաշտպանության՝ ՀՀ ԲՈՀ-ի կանոնակարգի և գիտական էթիկայի նորմերի ակնհայտ խախտումներով: Դրանով Հ. Հարությունյանը վարկաբեկել էր Բյուրականի աստղադիտարանի գիտական կոլեկտիվին` թե՛ իբրև այդ կոլեկտիվի անդամ, և թե՛ իբրև այդ կոլեկտիվի ղեկավար-տնօրեն: Մասնագետները նշում են, որ նա հատկապես վարկաբեկել է Վ. Համբարձումյանի հիմնադրած «Աստղաֆիզիկա» միջազգային գիտական հանդեսը, որտեղ գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի թողտվությամբ, 1995թ. մինչ այժմ ընկած ժամանակամիջոցում Հ. Հարությունյանը հրապարակել է իր հակագիտական 13 հոդվածները` առանց որևէ մասնագիտական փորձաքննության:
Այս փաստերն ուղղակիորեն ստվեր էին գցում նաև նորընտիր գիտական խորհրդի (ԳԽ) վրա: Ելնելով աստղադիտարանի շահերից, նորընտիր ԳԽ-ն անմիջապես իր կառուցողական դիրքորոշումը ցուցաբերեց այս հարցի կապակցությամբ: Հիմք ընդունելով վերոնշյալ փաստերը, թիվ 4 նիստում (6 օգոստոս 2012 թ.) չեղյալ հայտարարեց Հ. Հարությունյանի դոկտորական ատենախոսությունը պաշտպանության երաշխավորելու վերաբերյալ նախկին ԳԽ–ի եզրահանգումը և նշանակեց կրկնական փորձաքննություն՝ պատշաճ հիմքի վրա նոր եզրակացություն կայացնելու նպատակով: Գիտական խորհուրդը դիմեց Դավիթ Սեդրակյանին և Վահագն Գուրզադյանին` մասնագիտական փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: Սակայն Դավիթ Սեդրակյանը հրաժարվեց մասնագիտական փորձաքննությանը մասնակցելուց՝ բերելով տարբեր պատճառաբանություններ: Իսկ Վահագն Գուրզադյանի կարծիքով՝ եղած նամակներն արդեն բավարար հիմք են, որպեսզի Հ. Հարությունյանի դոկտորական ատենախոսությունը մերժվեր: Նորընտիր ԳԽ-ն դրանով չբավարարվեց և Գագիկ Տեր-Ղազարյանին հանձնարարեց կատարել պահանջվող հանգամանալի մասնագիտական փորձաքննությունը: Այդ ընտրությունը հիմնված էր այն հանգամանքի վրա, որ վերջինս միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է և վստահաբար ի զորու է դա անել : Կարճ ժամանակ անց երկու մեծ սեմինարներով Բյուրականի աստղադիտարանի գիտական անձնակազմի դատին ներկայացվեց նրա ծավալուն գրախոսականը: Իր վերջնական եզրակացությունը գրախոսը ձևակերպել էր հետևյալ շարադրմամբ.
«Վերոնշյալ ատենախոսությունը և այդ թեմայով «Աստղաֆիզիկա» հանդեսում տպագրված 13 հոդվածներն ու 3 կոնֆերանսի նյութերը գիտականորեն բավարար հիմնավորված չեն և հակասում են ժամանակակից տեսական և փորձարարական ֆիզիկային ու դիտողական աստղաֆիզիկային: «Գիտահետազոտական արդյունքների» անընդունելիության և «գիտական դրույթների» ոչ բավարար հիմնավորման նման պարագայում ատենախոսությունը չի կարող բավարարել ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին, ուստի այն չի կարելի երաշխավորել պաշտպանության»:
Հիմք ընդունելովայդ գրախոսականը և ի գիտություն ընդունելով նույն հարցի շուրջ վերոնշյալ 5 մասնագետների նամակները, ԳԽ-ն ս.թ. հոկտեմբերի 1-ի նիստում որոշեց, որ Բյուրականի աստղադիտարանի Գիտական խորհուրդը պաշտպանության չի երաշխավորում Հ. Հարությունյանի դոկտորական ատենախոսությունը:
Սրանով նորընտիր ԳԽ-ն կատարեց Բյուրականի աստղադիտարանում ստեղծված գիտական մթնոլորտի առողջացմանն ուղղված առաջին կարևոր դրական քայլը:



