Գորիսի քաղաքապետի ասֆալտի բիզնեսն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լռությունը

Բազմիցս արդեն համոզվել ենք, որ նախորդ իշխանությունների դեմ անհաշտ պայքար մղող գործող իշխանությունն այդ մարտն ընտրովի է վարում: Այսինքն՝ պայքարը հետևողական ու խիստ դաժան դրսևորումներ է ստանում սոսկ այն ժամանակ, երբ նախորդ իշխանության որևէ սուբյեկտ չի անցնում նորերի թրի տակով, իսկ եթե պայմանավորվում են, նրանց մասին մոռանում են, թերևս, որոշակի կամ բավականին երկար ժամանակով, նայած, թե ինչպես ու «որքանով» են պայմանավորվել:

Տարօրինակորեն հեշտ կամ թվացյալ հեշտ «թավշյա» իշխանությունների հետ լեզու գտավ նաև Գորիսի երիտասարդ քաղաքապետ, դեռևս ՀՀԿ-ական իշխանությունների օրոք ընտրված Առուշ Առուշանյանը: Ճիշտ է, երբեմն-երբեմն ինչ-որ քրեական գործերի կիզակետում նրան էլ են անհանգստացնում, բայց աղմուկն արագ մարում է, ինքն էլ շարունակում է իրականացնել իր պարտականությունները և ոչ միայն:

Պարզվում է, որ Առուշ Առուշանյանը նաև բիզնեսով է զբաղվում, ճիշտ է, միջնորդավորված, բայց ամեն դեպքում՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնը նրա հետաքրքրություններից միակը չէ:

168.am-ին հասած տեղեկություններով՝ Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղում Գորիս քաղաքի քաղաքապետ Առուշ Առուշանյանը իր ազգականի՝ Հայկ Բաղդասարյանի անունով 2019թ. հիմնել է «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ն, հանք է փորում, ասֆալտի հումք է հանում: Այն, ըստ էության, ասֆալտի գործարան է, որի արտադրած ասֆալտով են նորոգվում տարածաշրջանի ճանապարհները:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ այս ընկերությունը 3 անգամ իրավասու մարմնին է դիմել լիցենզիա ստանալու համար, սակայն, մեր տեղեկություններով՝  մերժվել է, բայց շարունակում է ծառայություններ մատուցել:

Մենք այս առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ՏԿԵ նախարարություն՝ հասկանալու համար, թե համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերն այն մասին, որ «Բեսթ Ռոուդ» ընկերությանը լիցենզիա չի տրամադրվում, որի պատասխանը ստանալուն պես անպայման կհրապարակենք այն:

Ի դեպ, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ ընկերության՝ լուծարման գործընթացում գտնվելու կամ  նրա գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն պետական միասնական գրանցամատյանում:

168.am-ը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից փորձեց ճշտել, թե արդյո՞ք նախարարությունը վերոնշյալ ընկերությունից ասֆալտ ձեռք է բերում:

Ի պատասխան մեր հարցի՝ նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանն ասաց, որ նախարարությունը ճանապարհների նորոգման համար մրցույթներ է հայտարարում, և դրանցում տենդերի սկզբունքով հաղթում է որևէ կազմակերպություն:

«Թե այդ կապալառուները ո՞ր գործարանների հետ են աշխատում, դա արդեն իրենցից պետք է ճշտեք»,- ասաց նախարարի խոսնակը:

168.am-ը, իհարկե, կփորձի ճշտել, թե որ կապալառու ընկերություններն են ասֆալտ գնում «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ից, սակայն մինչ այդ նշենք, որ, թերևս, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղյակ չեն, թե Գորիսի քաղաքապետի հետ փոխկապակցված անձանցից որ մեկն է այս ընկերության հիմնադիր համարվում, բայց ո՞ւր են գնում նրա գործունեությունից ստացվող շահույթները:

Չենք պնդում, իհարկե, որ ճանապարհաշինական ոլորտում կոռուպցիա կա, սակայն ակնհայտ են վերահսկողական մեխանիզմների հետ կապված խնդիրները, քանի որ ամեն դեպքում կապալառու ընկերությունը, թերևս, պետք է հաշվետու լինի ՏԿԵ նախարարությանն այն առումով, թե ումից է ձեռք բերում ասֆալտը, ի՞նչ որակ ունի այն, եթե մի քանի անգամ մերժել են լիցենզավորել նշված ընկերությանը:

Տեսանյութեր

Լրահոս