«Ըստ էության բոլորս, այդ թվում՝ Դուք, կոնտակտավորներ ենք». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ ուշադրության կենտրոնում են պահում խորհրդարանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների հետ շփված կոնտակտավոր պատգամավորներին։

«Ըստ էության բոլորս, այդ թվում՝ Դուք, կոնտակտավորներ ենք, և այդ առումով ուշադիր և զգոն պետք է լինենք անխտիր բոլորս։ Ինչ վերաբերում է  ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով՝ ձեռնարկվում են գործողություններ։ Այն պատգամավորները, որոնք առավել շատ շփումների մեջ են, այդ թվում՝ ես, ձեռնարկում ենք այն բոլոր քայլերը, որն ասում է բժիշկը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, բոլոր այն մարդիկ, որոնք վարակակիր են, մեկուսացված են, իսկ այն անձինք, որոնք կոնտակտավոր են, և հնարավոր է, որ ունեն ախտանշաններ՝ հանձնել են թեստեր։

«Ով այստեղ գալիս է, բնականաբար, ուրեմն ախտանշան չունի, կամ թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից վարակվել են Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Կարեն Համբարձումյանը, Լիլիթ Ստեփանյանը, իսկ ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս