Քաղաքացին կկարողանա ինքնուրույն հաշվարկել, թե որքան կբարձրանա իր գույքահարկը

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ e-cadastre.am-ում, արդեն այս շաբաթվա ավարտին կտեղադրվի հաշվիչ, որով քաղաքացիները կկարողանան հաշվարկել, թե որքան է բարձրացել իրենց գույքահարկը. այսօր ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Քաղաքացին կարող է, հավաքելով իր վկայականում նշված տվյալները, վկայականի համարը, կամ գույքի ծածկագիրը, ստանալ՝ 6 տարվա բարեփոխումների արդյունքում ինքն ինչքա՞ն կվճարի գույքահարկ, և յուրաքանչյուր տարի որքա՞ն է կազմում իր գույքահարկը»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Լրագրողի հարցին, թե եթե քաղաքացին համաձայն չէ իր բնակարանի՝ Կադաստրի գնահատած արժեքին, կարո՞ղ է բողոքարկել, Թովմասյանը պատասխանեց.

«Դրույքաչափերը, բազային արժեքները գնահատման արդյունքում վերցվել են այնպիսի արժեքներ, որոնք, ըստ էության, պատկերում են շուկան, համատարած մոտարկված արժեքը նվազ է շուկայական արժեքից բավականաչափ մեծ թվով: Եթե վերցնենք կենտրոն համայնքը. Փոքր կենտրոնում 1 քմ-ի համար բազային արժեքը հաշվարկված է 330.000 դրամը, նորակառույց շենքում բնակարանի համար՝ 1քմ՝ 700.000 դրամը, բնակելի տան համար՝ 420.000 դրամը:  Այս դրույքաչափերը գոտիականությունից կախված նվազում են: Մոտարկված արժեքները գույքի շուկայական արժեքները չեն, դրանք օգտագործվում են միայն և միայն անշարժ գույքի հարկային բազային ձևավորման համար: Երբ քաղաքացին ցանկանում է  շուկայական գնահատում իրականացնել իր գույքի համար, պետք է դիմի որակավորված անձանց, այդ ժամանակ հաշվի կառնվի նաև ներքին հարդարումը, ներքին նյութերը, որ համատարած գնահատման ժամանակ տեղ չեն գտել»,- ասաց Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս