Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց:

Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը 168.am-ին ասաց, որ «այդ խայտառակ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան»:

Ավելի վաղ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել էր փաստաբան Հրանտ Անանյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Հրանտ Անանյանը 168.am-ին այդ ժամանակ ասել էր, որ ինքնաբացարկի հիմքում դրել էր դատավոր Կարեն Ֆարխոյանի՝ ԱԱԾ-ում քննվող քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործով մեղադրյալ Ջոն Ֆարխոյանի եղբայրը լինելու հանգամանքը: Իսկ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղսագրվող՝ 2017 թվականի ընտրություններին կաշառքի գործը բացահայտվել է հենց Վերմիշյանին առնչվող քրեական գործի քննության ընթացքում:

«Մայր գործը, որն առնչվում է Կարեն Ֆարխոյանի եղբորը, գտնվում է դեռևս ԱԱԾ-ի վարույթում, և, բնականաբար, Կարեն Ֆարխոյանը չէր կարող օբյեկտիվ որոշում կայացնել այս գործով այնքանով, որքանով որ զգայուն գործ է՝ հանրային ուշադրության կենտրոնում, ու, բնականաբար, եթե ԱԱԾ միջնորդությունը մերժի, չի կարող մտահոգված չլինի, որ եղբոր նկատմամբ կարող է վերաբերմունք փոխվի ԱԱԾ-ի կողմից: Դա, բնականաբար, դատավորի անկախությունը կասկածի տակ դնող գործոն է»,- ասաց Հրանտ Անանյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատավորն ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է առանց հիմնավոր պատճառաբանության:

«Մեզ համար դա ազդակ էր, որ պարոն Ֆարխոյանը տրամադրված է՝ նաև հանկարծ չհակառակվի ԱԱԾ-ին, որը որ շատ է ցանկանում կալանավորել Աբրահամ Մանուկյանին: Հունիսի 17-ից միջնորդություն է ներկայացրել, այսօր 10-րդ օրն է ՝ քննարկվում է, ու չեն կարողանում կալանավորել այս մարդուն:

Ես 99%-ով համոզված եմ, որ Ֆարխոյանն այն դատավորներից է, որ, ոնց ասում է ԱԱԾ-ն, այդպես անում է միշտ: Հետևաբար՝ ավելի լավ էր մենք Գաբրիելյանին ինքնաբացարկ չհայտնեինք»,- ասել էր Անանյանը՝ նշելով, որ քննության ողջ ընթացքում Աբրահամ Մանուկյանը պատշաճ ներկայացել է բոլոր դատական նիստերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրահամ Մանուկյանի փաստաբանն ինքնաբացարկ էր հայտնել  դատավոր Արտուշ Գաբրիելյանին, քանի որ, ըստ դատական օրենսգրքի, եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա նա միջանկյալ այլ նիստեր և կամ հանդիպումներ չպետք է ունենա, մինչդեռ Աբրահամ Մանուկյանի փաստաբանական խումբը բացահայտել էր, որ Արտուշ Գաբրիելյանն Աբրահամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորման հարցով գտնվելով խորհրդակցական սենյակում՝ միջանկյալ նիստեր է արել և հանդիպումներ ունեցել:

Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաև Աբրահամ Մանուկյանի անունը:

«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս»,- ասել էր Արթուր Դավթյանը:

Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս