«Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից». ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
* վերլուծելով 2018 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկած իշխանազավթման գործընթացի նոր փուլի իրադարձությունները,
* ընդգծելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման (ինչպես ժողովուրդն է իր իշխանությունը կաշկանդում Սահմանադրությամբ, այնպես էլ հանրային ցանկացած իշխանություն կաշկանդված է Սահմանադրությամբ),
* արձանագրելով, որ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը ոչ միայն նահանջ են իրավական պետության արժեքներից, այլև անիշխանություն տանող վտանգավոր ճանապարհ,
* վերահաստատելով «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) պնդումն առ այն, որ սահմանադրական դատարանները սահմանադրական կարգի պահապաններ են և սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը կոչված է պատվար լինելու օրվա քաղաքական մեծամասնությունից սահմանադրական դատարանի դատավորների համար,
* անթույլատրելի համարելով, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին,
* արձանագրելով, որ դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս՝ դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում են դրա վրա,
* պնդելով, որ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը,
* ահազանգելով, որ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը,
* հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ավտոմատ, անմիջապես և առանց անցումային մեխանիզմների նախատեսման դադարեցումը հակասում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներին,
* արձանագրելով, որ Սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է (Ժողովրդի անվան վկայակոչմամբ սահմանադրական իմպերատիվ նորմերի դիտավորյալ շրջանցումը և ոտնահարումը Սահմանադրության կոպիտ խախտում է, որը Սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը դարձնում է ապօրինի և ռումբ է դնում իրավական պետության հիմքում),
* հայտնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահին սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելը ոտնձգություն է Հանրապետության նախագահի լիազորությունների նկատմամբ և ուղղված է իշխանության գերկենտրոնացմանը իշխող քաղաքական մեծամասնության ձեռքում (նման հավակնությունը սպառնալիք է ժողովրդավարության և իրավական պետության հիմնարար սկզբունքների նկատմամբ),
Հայտարարում է.
1. Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։
2. Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։
3. Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։
4. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»: