«Վենետիկի հանձնաժողովի հետ չարժե կատակ անել». Արա Ղազարյան

Այսօր Ազգային ժողովում ընթացող գործընթացների վերաբերյալ 168.am-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ:

– Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահն ընդամենը հրապարակում է դրանք` առանց հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու: Սա չի՞ նշանակում, որ իշխանություններն ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից:

– Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, լավ չեմ ուսումնասիրել այսօրվա դեպքերը:

– Ըստ էության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Սահմանադրության՝ ուժի մեջ գտնվելը չպետք է պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի ստորագրությունով:

– Ժամանակին, երբ այս Սահմանադրությունը դեռ նախագիծ էր, և քննարկվում էր նախագահի դերակատարությունն ընդհանրապես, փորձագետների, այդ թվում՝ նաև իմ կողմից միշտ կարծիք էր հնչում, որ ճիշտ է, մենք շատ գործադիր լիազորություններ Նախագահի ձեռքից վերցնում ենք, բայց ինքը պետք է ունենա արբիտրի դերակատարում, կարծես վետոյի իրավունքով, որ երբ գալիս է մի շատ կարևոր, վճռորոշ հարց, Նախագահը կարողանա լինել գոնե որպես հակակշիռ՝ որպես արբիտր, մոտավորապես՝ «արդարացի դատավոր» կոնցեպտում: Այս իմաստով, իհարկե, կարևոր է, որ երկրի Նախագահը լինի ստորագրողը, ոչ թե այլ ֆիգուր: Իսկ եթե մենք չենք կարևորում, թե ով կստորագրի օրենքը՝ Նախագա՞հ, թե՞ որևէ այլ պաշտոնատար անձ, ըստ էության այդ գաղափարը կորչում է:

– Մինչ այժմ չնչին բացառություններով նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած փոփոխությունները: Ինչի՞ց այժմ վախեցան իշխանությունները: Նախագահը կարո՞ղ էր անակնկալ մատուցել:

– Ես չգիտեմ: Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն այն մարդիկ, ովքեր ուշի ուշով հետևում են քաղաքական իրադարձություններին: Սկզբունքորեն այդպես էլ ակնկալվում էր: Նախագահն այնպես չէ, որ պետք է ընդունված օրենքների մեծ մասին դեմ հանդես գա: Ենթադրվում էր, որ Նախագահի ինստիտուտը, որպես արբիտր, խիստ հազվադեպ, խիստ կարևորություն ունեցող զարգացումներում կարողանա որպես հակակշիռ հանդես գալ: Պարզ է, որ Նախագահը հիմնականում պետք է համագործակցի, որովհետև գործադիր լիազորությունները նրա ձեռքից վերցված են:

– ԱԺ-ում այսօր տեղի ունեցող գործընթացները, Ձեր գնահատմամբ՝ օրինականության շրջանակներո՞ւմ են, որովհետև կարծիք կա, որ իշխանության զավթում է տեղի ունենում:

– Նայած, թե օրինականություն ասելով՝ ի՞նչ նկատի ունենք: Եթե օրինականություն ասելով՝ ընդամենն ընթացակարգեր նկատի ունենք, օրինական է, բայց օրինականության հասկացությունն ունի բովանդակային իմաստ, և նախ և առաջ՝ դրա մեջ ընդգրկվում է կանխատեսելիությունը: Այսինքն՝ բոլոր օրենքները, բոլոր ընթացակարգերը պետք է ի սկզբանե կանխատեսելի լինեն, իսկ այն, ինչ կատարվեց այսօր, անկանխատեսելի էր: Նշանակում է՝ գործընթացն արդեն իսկ լուրջ խնդիր ունի օրինականության հետ: Վենետիկի հանձնաժողովը (ՎՀ), ի վերջո, գնաց կոմպրոմիսի՝ ասելով՝ լավ, եթե դուք ուզում եք փոխել Սահմանադրությունը, շատ լավ, բայց արեք դա երկար ժամանակահատվածում՝ անցումային ժամանակաշրջան սահմանելով: Անցումային ժամանակաշրջան ասելով՝ նկատի ունեին մի քանի տարի՝ հենց կանխատեսելիության սկզբունքից ելնելով, որ շատ հանկարծակի չլինի նման փոփոխությունը ՍԴ դատավորների համար, որովհետև նրանք նաև իրենց անհատական իրավունքներն ունեն: Իսկ ՎՀ-ն, լինելով մարդու իրավունքների հարցերով խորհրդատվական մարմին, չի կարող իրերը գնահատել միայն ժողովրդավարական կառավարման իրավունքի տեսանկյունից: Իրերը նա գնահատում է նաև մարդու անհատական իրավունքների տեսանկյունից: Չի կարող ասել, որ գոյություն չունեն ՍԴ դատավորների անհատական իրավունքներ, որովհետև մենք շատ կարևոր հարց ենք լուծում: Ոչ, սա մարդու հիմնարար իրավունք է, և ՎՀ-ն համաձայնեց, բայց ասաց, որ անելիս գոնե դա պետք է անել երկարատև ժամանակահատվածի համար, բայց նրանց խոսքը դեռ բերանից դուրս չեկած՝ նախագիծը հայտնվեց ԱԺ-ում:

– Իսկ կա՞ արդյոք անցումային ժամանակաշրջանի համար սահմանված ողջամիտ ժամկետ:

– «Ողջամիտ» բառն իրականում հենց գալիս է անգլիական իրավունքից: Ոչ մի բանաձև չկա: Ողջամիտ ասելով՝ նկատի ունի, որ հարգվեն բոլոր կողմերի իրավունքները, այդ թվում նաև՝ ՍԴ այդ 3 դատավորների իրավունքները: Դա նրանց անհատական, անձնական կյանքի հարգման իրավունքն է: Այնպես չպետք է լինի, որ մենք մարդուն ասում ենք՝ շնորհակալություն, ցտեսություն: Այդ մարդիկ ճանապարհ են անցել, պետք է նրանց իրավունքները փոխհավասարակշռի հանրային խնդիրների հետ: ՎՀ-ն այդ պատճառով ասաց՝ սահմանեք անցումային ժամանակահատված, բայց դա, փաստորեն, ԱԺ-ն ու կառավարությունը հաշվի չառան: Վենետիկի հանձնաժողովի հետ չարժե կատակ անել: ՎՀ-ն մարմին է, որը մեկնաբանում է եվրոպական Սահմանադրությունը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մեկնաբանվում է՝ որպես եվրոպական Սահմանադրություն: Եվ ասել՝ մեզ համար կարևոր է ձեր կարծիքը, հետո ասել՝ դե լավ, կարևոր չէ… կառույցի հեղինակության վրա է ազդում: Մենք սուվերեն պետություն ենք ու կարող էինք հաշվի չառնել խորհրդատվական կարծիքը, բայց եթե իրավական գործընթաց ծագեց, արդեն իրավասու մարմինները հաշվի առնելու են: Եթե ՍԴ դատավորներից որևէ մեկը, որպես ուղեցույց ընդունելով ՄԻԵԴ-ում քննված «Բական ընդդեմ Հունգարիայի» գործը, դիմի Եվրոպական դատարան, ՄԻԵԴ-ն առաջնորդվելու է իր սկզբունքներով:

Տեսանյութեր

Լրահոս