«Այս հրատապությունը փաստում է ոչ այդքան ազնիվ վարքագծի մասին». Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի հասկանում, թե ինչով է պայմանավորված, որ խորհրդարանական մեծամասնությունը այսքան հրատապությամբ ԱԺ է բերել Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծ:
«Տեքստը, որն այսօր պետք է քննարկվի, նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից: Մեկ անգամ ևս փաստում եմ, որ մայր օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այս հրատապությունը ևս մեկ անգամ փաստում է ոչ այդքան ազնիվ վարքագծի մասին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ նախագծով նախատեսված է երկու հիմնական փոփոխություն, նախ, 12 տարի աշխատած դատավորները պետք է թողնեն իրենց պաշտոնը և պետք է փոխվի նաև ՍԴ նախագահը և նոր ընթացակարգով նոր նախագահ ընտրվի:
«Այս երկու հարցն էլ իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց են: Կառավարությունն ի դեմս Արդարադատության նախարարության դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար: Սակայն չեն սպասել խորհրդատվական կարծիքը ստանալու համար և պատգամավորներով նախաձեռնել են փոփոխություն: Այս ամենը անտրամաբանական է, չի կարելի միջազգային կառույցից որևէ բան հայցել և չսպասել պատասխանին և կազմակերպել գործընթացները»,- հավելեց պատգամավորը:
Տարոն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ դեռևս փետրվարի սկզբին իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ սխալվել են և ՍԴ փոփոխության հարցը պետք է լուծվի միայն հանրաքվեի ադյունքում, քանի որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ հարցը լուծվի ԱԺ-ի կողմից:
Հետևաբար անտրամաբանական հաջորդ վարքագիծն այն է, որ այսօր հանկարծ պարզվում է, որ խորհրդարանը կարող է գնալ նման քայլի:
«Զուտ մասնագիտական առումով, այնքան հարցերի շարան կա, որոնց պատասխանները դեռ չստացած մեր գործընկերները գնում են առաջ: Այս ամենի մեջ ներգրավվում են նաև հայկական պետականությունը, որն աստիճանաբար իրավական իմիջը գցում է միջազգային կառույցներում: Վենետիկի հանձնաժողովը բավականին հեղինակավոր կառույց է, չի կարելի անտեսել այդ մարմնի կարծիքը»,- շեշտեց ՏարոնՍիմոնյանը:
Պատգամավորը նաև ասաց՝ այն, որ խորհրդարանը որոշել է չդիմել Սահմանադրական դատարան, արդեն խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի, խորհրդարանը պետք է Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցումից ներկայացնի ՍԴ:
Հարցին՝ սա իշխանության յուրացո՞ւմ է, Տարոն Սիմոնյանն պատասխանեց, որ այդ հարցը որոշում է դատարանը՝ որակում տալու իրավունք չունի, սակայն առերևույթ նման տարրեր կարող է պարունակել, քանի որ հակասահմաանդրական գործողություններ են իրականացվում: