Կենտրոնականի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
Հունիսի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ ժամեր առաջ գողացել են Փարպեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Գաղտնի հափշտակությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Ավանեսովի փողոցի 31-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը Մոլդովական փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա ապրիլի 16-ին գողացել է նաև Բայրոնի փողոցում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: