Ոստիկանությունը մերժել է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի՝ ինքն իրեն զենքով պարգևատրելու մասին տեղեկություն տրամադրել

Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց մամուլը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ պաշտոնը լքելու վերջին պահին Արման Սարգսյանը, իմանալով, որ պետք է թողնի ոստիկանապետի պաշտոնը, ինքն իրեն անվանական զենքով, ինչպես նաև շքանշանով է պարգևատրել: Մամուլում նաև լուրեր շրջանառվեցին, որ Արման Սարգսյանը խորհրդակցել է ոստիկանությունում իր նշանակած կադրերի հետ, որոնք և փաստել են, որ ինքն իրեն զենք նվիրելու մեջ արտառոց ոչինչ չկա, ասել են, թե դա ընդունված կարգ է, քանի որ կառույցում ոստիկանապետին զենքով կարող է պարգևատրել միայն ոստիկանապետը՝ եթե դեմ անդամներ չկան:

Շրջանառվող լուրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու  համար 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե՝

1. Արդյոք նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկությունից առաջ ինքն իրեն զենքով պարգևատրե՞լ է, թե՞ ոչ:

2. Արման Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ոստիկանապետի պաշտոնում առհասարակ պարգևատրվե՞լ է զենքով, թե՞ ոչ: Եթե` այո, ապա ո՞ր ամսաթվով:

3. Եթե` այո, ապա ի՞նչ զենքով է պարգևատրել նախկին ոստիկանապետն ինքն իրեն:

4. Արդյո՞ք միայն իրեն է զենքով պարգևատրել, թե՞ նաև ոստիկանության այլ աշխատակիցների:

Այսօր, ի պատասխան մեր հարցման, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ստացանք գրություն, թե այդ տեղեկությունը մեզ տրամադրել չեն կարող:

«Հայցվող տեղեկատվությունը չենք կարող տրամադրել, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խախտվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նմանատիպ տվյալները կարող են տրամադրվել միայն անձի գրավոր համաձայնության /լիազորագրի/ առկայության դեպքում»,- ասված է ոստիկանությունից ստացված պատասխանում:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «մերժումն ակնհայտ անօրինական է, հակասում է օրենքներին»: ԻԱԿ նախագահը նաև ասաց, որ այդուհանդերձ պետք է հանրային լինի այն տեղեկությունը, որը վերաբերում է զենք կրելու փաստին, ինչպես նաև այն հանգամանքին, թե ովքեր կարող են զենք կրել և ովքեր չեն կարող:

«Նա որպես ֆիզիկական անձ՝ չի ստացել, որպես պաշտոնյա է, չէ՞, ստացել: Մինչև պաշտոնը թողնելն է, չէ՞, ստացել: Անգամ, եթե պաշտոնը թողնելուց հետո ստանար, միևնույն է՝ դա բաց տվյալ պետք է լինի: Դա չի կարող անձնական տվյալով պաշտպանվի: Այդտեղ անձնական տվյալ կա, բայց գաղտնիության իրավունք չկա»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հրապարակված «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման ուղեցույցում անդրադարձ է կատարվել նաև անձնական տվյալների գաղտնիությանը՝ նշելով, որ անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ, և անձնական տվյալները երրորդ անձանց  կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

«Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքը, որին հղում է արել Ոստիկանությունը մեր հարցման պատասխանը մերժելու հարցում, սահմանում է, որ անձնական տվյալները երրորդ անձին կարող են տրամադրվել, եթե առկա է վերջինիս համաձայնությունը, եթե այդ տվյալները հանրամատչելի են, օրինակ, ներառված են հեռախոսային տեղեկատուներում, հասցեների գրքերում, կենսագրական տեղեկատուներում, մասնավոր հայտարարություններում, եկամուտների հայտարարագրումներում և այլուր: Իսկ եթե բացակայում են անձանց համաձայնությունը և դրանք հանրամատչելի չեն, ապա այդ տվյալները կարող են երրորդ անձանց տրամադրվել, եթե այն նախատեսված է  օրենքով:

ԻԱԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշման 4.6 կետով նշված է՝ ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը, չի սահմանում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու կարգը և պայմանները, ինչպես նաև չի սահմանում այս կամ այն անձնական տվյալների՝ գաղտնիք լինելու կարգավիճակը»:

Որոշման 4.16 կետով էլ ասված է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն անձնական տվյալների մշակում նախատեսող օրենք է:

Կարելի է եզրակացնել, որ Ոստիկանությունը ցանկացել է մերժել մեր հարցերին պատասխանել, սակայն մերժման հիմքում դրել է մերժմանը չհամապատասխանող օրենք:

Տեսանյութեր

Լրահոս