«Չէի ցանկանա, որ որևիցե մեկը հայտնվի թե’ պարոն Ծառուկյանի կարգավիճակում, թե’ նաև իմ կարգավիճակում, որ ստիպված լինի նման ընտրություն կատարի». Արսեն Ջուլֆալակյան
«Եթե, օրինակ, ես և մեկ այլ ոչ հայտնի մարդ դրսում ինչ-որ ապօրինի բաներ անենք, պետք է՝ հայտնին կամ պատգամավորը, կամ մարզիկը, արվեստագետը պատասխանատվության չենթարկվե՞ն, իսկ մյուսը, ով անվանի չի՝ պետք է ենթարկվի՞. Եկեք այդ սկզբունքով առաջնորդվենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանին բերման ենթարկելու հարցին:
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովի մոտից ոստիկանությունը բերման էր ենթարկել Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին: Նա ԱԺ շենքի մոտակայքում վաղ առավոտից իր զորակցությունն էր հայտնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
168.am-ի լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոման Ամոյանը չենթարկվեր ոստիկանի պահանջին, Ձեր ընկերոջից «սպասո՞ւմ եք» նման բան, պատասխանեց, թե չի տիրապետում դետալներին և չի կարող մեկնաբանել.
«Ես կարող եմ ասել՝ ինքս ինձանից ինչ եմ սպասում, ուրիշների փոխարեն եկեք պատասխան չտամ»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և համացանցում տարածվող լուսանկարին, որտեղ Գագիկ Ծառուկյանը ոսկե շղթա է նվիրում պատգամավորի հորը՝ Լևոն Ջուլֆալակյանին, նշեց. «Ոսկե շղթան նվեր չի. դա օլիմպիական օղակներն են, որով պարգևատրվել են սպորտում մեծ ավանդ ունեցող մարդիկ և հատկապես՝ օլիմպիական չեմպիոնները:
Եթե դուք չգիտեք, Լևոն Ջուլֆալակյանն օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի 20 տարվա գլխավոր մարզիչն է եղել. Հայաստանի նորանկախ պատմության մեջ ոչ մի մարզիչ էդքան արդյունք չի բերել ինչքան որ Լևոն Ջուլֆալակյանը:
Արժանի՞ էր նա օլիմպիական շղթային՝ դատեք ինքներդ, ես գնահատական չտամ: 55-ամյակին արժանացել է օլիմպիական ոսկե շղթային. ՀԱՕԿ նախագահի լիազորությունների մեջ է մտնում պարգևատրել մեծ վաստակ ունեցող մարզիկներին, մարզիչներին, և՝ ոչ միայն, կան նաև գործարարներ՝ անունները չնշեմ, կարող եք ինքներդ ստուգել, թե որ գործարարներն են այդ շղթայով պարգևատրվել»:
Պատգամավորը շեշտեց, որ պետք չէ շահարկել Լևոն Ջուլֆալակյանին շղթա նվիրելու հանգամանքը կամ իրեն տրված պարգևատրումները.
«Եթե տեղյակ չեք, նորից տեղեկացնեմ՝ բոլոր այն մարզիկները, ովքեր վերջին տարիների ընթացքում մեծ նվաճումներ են ունեցել Եվրոպայի, աշխարհի օլիմպիական խաղերից, պարգևատրվել են ՀԱՕԿ նախագահի կողմից: Ես ևս բացառություն չեմ եղել. ոչ ավել եմ պարգևատրվել, ոչ պակաս»:
Նա նաև խոսեց իրենց և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի մտերմության մասին.
«Մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք այնքանով, ինչքան որ նախատեսել է սպորտը՝ ՀԱՕԿ նախագահ-մարզիկ, հայրս՝ մարզիչ կարգավիճակում. Ոչ քավոր-սանիկական կապ կա, ոչ բարեկամական կապ կա: Ոչ մի խնդիր չենք ունեցել. Շատ նորմալ, մարդկային, գործնական հարաբերությունների մեջ ենք եղել»:
«Իմ քայլի» պատգամավորը նկատեց՝ ինքը Գագիկ Ծառուկյանին առնչվող այս գործընթացին չի վերաբերվում՝ որպես մարզիկ, այլ՝ որպես օրենսդիրի ներկայացուցիչ. «Ինչի չկար ցանկություն մոտս առհասարակ ներգրավվելու այս պրոցեսների մեջ՝ հաշվի առնելով հարցի բարոյական կողմը, հաշվի առնելով շուրջ 15 տարվա՝ իմ՝ սպորտի բնագավառում ունեցած հարաբերությունները պարոն Ծառուկյանի հետ:
Եվ, եթե նկատել եք, այս ամբողջ ընթացքում ոչ արտահայտվել եմ՝ ոչ դրական, ոչ բացասական, և ոչ էլ խոսել եմ»:
Նա հավելեց՝ կխոսի հարցի միայն իրավական մասի վերաբերյալ՝ այնքանով, որքանով գլխավոր դատախազն է ներկայացրել:
Տեղյա՞կ է արդյոք այլ մարզիկների արձագանքների մասին. այս հարցին ի պատասխան՝ նշեց, որ եղել են աջակցողներ, հաջորդ հարցին էլ՝ ի՞նչ դիրքորոշում ունեն, արձագանքեց. «Այսինքն՝ որպես ՀԱՕԿ նախագահ՝ աջակցում են Գագիկ Ծառուկյանին, բայց կրկնում եմ՝ էս հարցը սպորտային չէ»:
Արդյո՞ք դժվար տրվեց որոշումը՝ գնալ և քվեարկել՝ հարցրեց լրագրողը՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությունը, Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Թույլ տանք դատախազը սկսի քննություն, ասեմ, թե բարդ է՝ չէ, զուտ ելնելով այն սկզբունքից, որ արդարությունը բոլորի համար է, և եթե պարոն Ծառուկյանը և մեզնից ցանկացածը, ովքեր, Աստված չանի, ինչ-որ մի պահ այսպիսի խնդիր ունենան, արդար է, ապա ցանկությունս է, որ այս ամբողջ քննությունը լինի հանրային, օբյեկտիվ, և հանրության մոտ վերջնական փարատվեն եղած կասկածները, և եթե արդար է պարոն Ծառուկյանը և բոլորը, ովքեր մեղադրվում են, արդարացվեն:
Իսկ եթե ոչ՝ կարծում եմ՝ արդեն բացառություն անել չեն կարող. Պետք է ընտրովի չիրականացնենք արդարությունը:
Երկրորդ մասով, բնականաբար, ինձ համար շատ ավելի բարդ է՝ այն է, որ քննության ընթացքում պետք է կալանք կիրառվի պարոն Ծառուկյանի նկատմամբ, իհարկե, ինքս չէի ուզի՝ այդպես լինի, բայց պարոն դատախազն իր խոսքում նշեց, որ դա կարող է խանգարի քննության ընթացքին. Այստեղ կա նաև քաղաքական միասնության գործոնը, այնպես որ, ամբողջ որոշումը կայացվել է՝ հիմնվելով այդ նշածս կետերի վրա: Բայց կրկնեմ՝ ինձ համար բացարձակ հաճելի պրոցես չի, և չէի ցանկանա, որ որևիցե մեկը հայտնվի թե’ պարոն Ծառուկյանի կարգավիճակում, թե’ նաև իմ կարգավիճակում, որ ստիպված լինի նման ընտրություն կատարի»:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Ջուլֆալակյանն ընդգծեց՝ արդարությունն ու օրենքի պահպանումը պետք է բոլորի համար լինի առանց տարբերակումների: