«Լրացուցիչ բան չունեմ ավելացնելու». Արսեն Ջուլֆալակյանն արձագանքում է Ռոման Ամոյանի հետ տեղի ունեցածին

Այսօր Ազգային ժողովի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին: Նա ԱԺ շենքի առջև վաղ առավոտից իր զորակցությունն էր հայտնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

168.am«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբշամարտիկ  Արսեն Ջուլֆալակյանին խնդրեց գնահատական հնչեցնել կատարվածի վերաբերյալ: Ի պատասխան՝ նա ասաց. «Էջումս պարզաբանել եմ: Լրացուցիչ բան չունեմ ավելացնելու»:

Արսեն Ջուլֆալակյանի գրառումը՝ ստորև

«Հարգելի՛ քաղաքացիներ,

համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը, և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում…)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։

Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը։

#կրեքդիմակ, #պահպանեքսոցիալականհեռավորություն»:

Նկատենք՝ տարբեր օգտատերեր ֆեյսբուքում գրառումներով  նշում էին, որ ակնկալում են տեղի ունեցածի վերաբերյալ Արսեն Ջուլֆալակյանի գնահատականը, ինչպես նաև՝ աջակցությունը Ռոման Ամոյանին:

Սակայն կադրերում տեղի ունեցածը, փաստորեն, գնահատական հնչեցնելու համար բավարար չի եղել պատգամավորին:

Տեսանյութեր

Լրահոս