«Անհամաչափ ուժի կիրառումը ներկա ոստիկանության համար կարծես թե դարձել է պարծանքի առարկա». Լարիսա Ալավերդյան
Իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին, ովքեր եկել են աջակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն են իրականացրել, այժմ նա ԱԱԾ-ում հարցաքննության է կանչված։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրադարձություններին՝ նշեց, որ նման գործողությունները բնութագրվելու են՝ որպես քաղաքական հետապնդումներ:
Ըստ նրա՝ ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ կիրառվում է անհամաչափ ուժ.
«Անհամաչափ ուժի կիրառումը կարծես թե դարձել է ներկա ոստիկանության համար պարծանքի առարկա: Սա կամ պրոֆեսիոնալիզմի պակաս է, կամ՝ ոչ օրինական հրահանգի կատարում, բայց դա չի ազատելու կոնկրետ այդ ոստիկաններին պատասխանատվությունից»:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ հասարակական գիտակցության մեջ հասունացնում են ոչ տեղին մտայնություն, որ պետության կողմից կարող է տեղի ունենալ անօրինական գործողություններ. «և գրեթե բոլորի համար հասկանալի է, որ դա տեղի է ունենում զուտ մեկ անձի կարգադրությամբ: Ես կարծում եմ, որ սա բավականին մեծ շեղում է իրավական պետություն կայացնելու ճանապարհին»:
Մեր զրուցակցի տպավորությամբ՝ ավելի են ուժեղացնում քաղաքական հետապնդումներ՝ պարզ պատկերացնելով, որ դրա դեմ կբարձրանա բողոքի ալիք. «Ահա այստեղ է ամենամեծ վտանգը. Սա ի՞նչ սցենարով է ընթանում, արդյո՞ք սա տեղի չունենում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, երբ ինքն ասաց, որ ոչ միայն Մարուքյանի վերաբերյալ ունի նյութեր, այլ շատերի. Արդյո՞ք նաև այդ նյութերի համար չէ, որ խուզարկում են»:
Լարիսա Ալավերդյանն ի լրումն ասվածի՝ տեղեկացրեց Global Peace Index-ում հայաստանյան երկու գործակիցների մասին. «Հայաստանը դեպի խաղաղություն ձգտումներով երկրորդ տեղն է գրավում այդ փոփոխությունների առումով, և մյուսը նշվել է, որ երկրում զարգանում է քաղաքական ահաբեկչությունը. Սա մեզ նման երկրների համար ոչ միայն վտանգ է ներսում, այլև դրսի համար դա բավականին վատ ցուցանիշ է: Այս ամբողջը միասին՝ խոսում է մեկ բանի մասին՝ մենք հայտնվել ենք ազգային անվտանգության առումով ամեածանր մարտահրավերների առջև. Սպառնալիքների ներքո է հայտնվել ազգային անվտանգությունը»