«Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պետք է 100 տոկոսով հրաժարական տան, այդ պահից սկսած պարզ էր, որ պայքար է սկսվել»․ Կարեն Քոչարյան
«Եթե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո նման գործողություններ են արվում, բնական է՝ քաղաքական է»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը 168․am-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ առավոտից գործողություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը՝ 2017թ․ հետ կապված «շատ ծիծաղելի գործի շրջանակներում»՝ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ կապված։
Կարեն Քոչարյանի մոտ հարց է առաջանում, թե եթե նման խնդիր կար, ապա ինչո՞ւ 2018թ․ մայիսից հետո նման գործողություններ չէին կատարվում։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի․ «Պայքարն սկսված է, այնպես չէ, որ դա նոր է․ այն պահից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պետք է 100 տոկոսով հրաժարական տան, այդ պահից սկսած պարզ էր, որ պայքար է սկսվել»։
Հարցին՝ իշխանություններն ասում են, որ երկրում պատերազմական իրավիճակ է և ընդդիմության գործողությունները որակում են՝ դավաճանություն, հիմա նման իրավիճակում ինչո՞ւ են իրենք այդպիսի գործողությունների գնում, թե՞ պատերազմական իրավիճակը միայն ընդդիմությանն ու ժողովրդին է վերաբերում, իսկ իշխանությունը կարող է ամեն ինչ անել, նա պատասխանեց․ «Նախ՝ սկսենք նրանից, որ երկրում պատերազմական իրավիճակ չէ՝ ֆորսմաժոր է, բայց ոչ պատերազմական իրավիճակ»։
Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են հայտարարում, որ պատերազմական իրավիճակ է, նա պատասխանեց․ «Իրենցից հարցրեք․ ավելին, այս իշխանությունները չէին էլ ֆայմում այդքանն ասել, մինչև Լևոն Տեր-Պետրոսյանը գլխի չգցեց»: