Ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետն ու իր ընտանիքը կորոնավիրուսից բուժվեցին պահանջվածից երկու անգամ ավելի արագ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ուղիղ եթերում ասաց, որ կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող հիվանդները, որոնց մոտ այն ընթանում է ասիմպտոմ, կարող են համարվել առողջացած միայն 14 օր ինքնամեկուսացումից հետո: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ առհասարակ բուժված համարվելու համար հարկավոր է 14 օր, իսկ վարչապետն ու իր ընտանիքի անդամները բուժվեցին երկու անգամ ավելի արագ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը կորոնավիրուսով դրական ախտորոշում էին ստացել մայիսի 31-ին, հաջորդ կիրակի՝ հունիսի 7-ին, պարզվեց, որ վարչապետն ու իր ընտանիքը բուժվել են. կրկնակի թեստ էին հանձնել, երկուսն էլ բացասական արդյունքով:
«Կան պացիենտներ, որոնց մոտ, հնարավոր է՝ վարակումն ավելի շուտ է տեղի ունեցել, քան իրենք թեստավորվել են, այսինքն՝ իրենք թեստավորումից առաջ արդեն ունեցել են վիրուսը: Դրա համար լավացումը ավելի շուտ է լինում, թեստի բացասական պատասխանն ավելի շուտ է լինում: Նման դեպքեր էլի ենք ունեցել»,- ասաց Ալինա Նիկողոսյանը:
Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդիկ կարող են ավելի վաղ առողջացած լինել, քան 14 օրն է, և ամեն դեպքում շարունակեն մնալ ինքնամեկուսացման մեջ, նախարարի խոսնակն արձագանքեց.
«Գուցե, բայց լավ կլինի, որ պահեն 14 օր ինքնամեկուսացումը»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ ասիմպտոմ մյուս հիվանդներն էլ 7 օր անց չեն թեստավորվում, որ ավելի վաղ իմանան իրենց բուժված լինելու մասին, Նիկողոսյանը պատասխանեց.
«Մենք ասիմպտոմներին ընդհանրապես երկրորդ թեստավորում չենք անում: 14 օր ասիմպտոմ կամ թեթև ախտանիշներ ունեցող մարդը պետք է լինի պոլիկլինիկայի բժշկի հսկողության ներքո: 14-րդ օրը պոլիկլինիկայի բժիշկը ելք է անում և համակարգում գրանցում է՝ որպես առողջացում»:
Ստացվում է, որ միայն վարչապետին և իր ընտանիքին է արտոնված վաղաժամ իմանալ իրենց բուժման մասին, մյուսները պարտավորված են 14 օր մնալ ինքնամեկուսացման մեջ՝ անկախ նրանից, թե ե՞րբ են վարակվել, ե՞րբ է վարակը հաստատվել, և ե՞րբ են բուժվել:
Ի դեպ, հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: