«Այո, ամբողջ կառավարությունը պիտի փոխվի». Արման Աբովյան

«Այն եռանդով, որով լծվեցին իրանք «Բարգավաճ Հայաստանի»  դեմ կռիվ տալով,  պարոն Ծառուկյանի դեմ կռիվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելով, խայտառակ էդ գործազրկությունը ինչ-որ մի ձև կանգնացնելու: Ի վերջո, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, ինչո՞վ են զբաղված»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական ուժերին ուղղված համախմբման կոչի առնչությամբ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին ու խորհրդային տարիներին Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին իշխանական պատգամավորների հիշեցումներին և կրկին օրակարգ բերելուն։ Պատգամավորը, ի դեպ, ասաց, որ նշված գործով դատարանն արդարացրել է  Գագիկ Ծառուկյանին:

Ըստ Աբովյանի՝ մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, որ չանցնի և «հինավուրց, Գյուլնազ տատու հեքիաթները նոր երանգներով բան անի»:

ԲՀ խմբակցության պատգամավորը չհստակեցրեց, թե այժմ ինչ ուժերի հետ են հանդիպումներ իրականացրել՝ համագործակցելու  նպատակով: Աբովյանի խոսքով՝ ժողովրդի դեմ գործելը ոչ թե խնդիրներ մատնանշելն է, այլ խնդիրներ առաջացնելը:

«Եթե իշխանությունն ունակ չէ այս պարագայում ադեկվատ ընկալել վտանգները և ադեկվատ արձագանքել, ապա ի՞նչ գործ ունի այդ իշխանությունն իշխանության գլխին: Ստեղ խնդիրը բնավ անձնական չէ, իրենք են բերել անձնական դաշտ, հասկանո՞ւմ եք: Մենք ասում ենք՝ մարդիկ առանց աշխատանք են մնում, մարդիկ մահանում են կորոնավիրուսից, կորոնավիրուսը ահագնանում է, տնտեսական ճգնաժամը չոքել ա մարդկանց բկին, բանկերին պլեն են ընկել, մեզ ի՞նչ են հակադարձում: Ոչ մի բովանդակային հակադարձում չկա, ու ես ուղղակի ապշած եմ այդ լկտիության սահմաններից: Լրիվ անջատված, սաղ սենց, թրերն առած, ընկած են մեյդան, ամոթ ա, ի վերջո, ամոթ ա»,- ասաց Արման Աբովյանը՝ նշելով, որ իրենք առաջարկներ են ներկայացրել, բայց իշխանությունը անգամ քննարկման չի գնացել, կլոր սեղանի շուրջ չեն նստել:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ իրական դավաճանությունն այն է, երբ իշխանությունը հրաժարվում է ընդունել իր սխալները, հրաժարվում է հասկանալ, թե ինչ է կատարվում:

Լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արման Աբովյանը պատասխանեց.

«Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել բոլոր այդ իրավիճակներին և խնդիրներին, և, այո, ամբողջ կառավարությունը պիտի փոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս