Ստացե՞լ է արդյոք ՀՖՖ-ն չկայացած չարթերային թռիչքների համար վճարված 170.000 դոլարը
Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը պետք է չափեր Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացրել էր, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում պետք է անցկացներ նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ չարթերային այդ 2 թռիչքների համար վճարվել է մոտ 170.000 դոլար, թռիչքները, հասկանալի պատճառներով, կապված կորոնավիրուսային համավարակի հետ, չեն կայացել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կերպ չի կարողանում ստանալ արդեն իսկ վճարված գումարը:
Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:
Վերջինս պատրաստակամորեն լսեց մեր հարցի նախաբանը, բայց հենց լսեց գումարին առնչվող հատվածը, խնդրեց գրավոր հարցում ուղարկել ՀՖՖ լրատվական բաժին:
Մենք, իհարկե, հարցումն այսօր ևեթ կուղարկենք ու սիրով կհրապարակենք ՀՖՖ-ի պատասխանը, բայց այսօր ՀՖՖ նախագահից ընդամենը պարզ հարցերի պատասխան էինք ուզում ստանալ՝ որքա՞ն են կազմել նշված չարթերային թռիչքների արժեքները, և վերադարձվե՞լ է արդյոք չկայացած թռիչքի համար վճարված ողջ գումարը: