Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա վիճակը բավարար է գնահատվում:
Այս մասին ՏԱՍՍ-ին հունիսի 8-ին հայտնել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:
«Արմեն Բորիսովիչն իսկապես հոսպիտալացվել է, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար»,-նշել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ արտիստը հոսպիտալացվել է հունիսի 7-ի երեկոյան, քանի որ բժիշկները կարծել են, որ Ջիգարխանյանին անհրաժեշտ է համալիր բուժում, որը նա կարող է ստանալ միայն ստացիոնար պայմաններում:
«Ո՛չ ինսուլտ, ո՛չ ինֆարկտ, ո՛չ կորոնավիրուս: Ոչ մի նման հիվանդություն Ջիգարխանյանը չունի: Նա իրեն շատ լավ է պահել. փողոց դուրս չի եկել: Բժիշկները նախ և առաջ նրա թոքերն են ստուգել: Թոքերը մաքուր են. ոչ մի վտանգ չկա»,-պատմել է Սողոմոնյանը:
Նա հույս է հայտնել, որ այս շաբաթվա ընթացքում Ջիգարխանյանը տուն կվերադառնա՝ անցնելով կյանքի բնականոն հունին: