Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Yerkir.am

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱԺ-ից պահանջում է հատուկ նիստ գումարել մինչև արտակարգ դրության ավարտը։

«Մենք գտնում ենք, որ իբրև խորհրդարանական կառավարման երկիր՝ ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած թիվ մեկ քաղաքական մարմինը ամբողջական և անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար և ինքը պետք է կառավարությանը հրավիրի քննարկման, ստեղծված իրավիճակին տա ամբողջական և լիարժեք գնահատական, որից հետո անի համապատասխան եզրակացություններ և քայլեր»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով կուսակցության նախաձեռնությունը։

Երկիրը ծանր մարտահրավերի առջև է՝ նկատեց նա, մոտենում ենք հումանիտար աղետի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա համոզմամբ, այս ժամանակահատվածում փաստել է իր անկարողությունը և ձախողումը։

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն հենց ԱԺ-ից քայլեր պահանջում՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար, Իշխան Սաղաթելյանը բացատրեց՝ ժողովուրդն ԱԺ-ին է տվել այդ մանդատը, իսկ ԱԺ-ն ձևավորել է այս կառավարությունը, հետևաբար, դրա գործունեության համար ինքը պատասխանատվություն է կրում և պետք է ձեռնարկի քայլեր։

«Եթե խորհրդարանը առաջիկա 10 օրվա ընթացքում արտահերթ նիստ չգումարի, ընդ որում՝ դա պետք է չլինի ձևական, դա պետք է լինի իրական քննարկում և գտնեն լուծումներ, եթե ինքը չգնա այս քայլին, սա կբերի նոր խնդիրների, սա քաղաքական դաշտում կձևավորի նոր օրակարգ և դրանից հետո շատ հստակ կլինի, որ այսօրվա խորհրդարանը այլևս անելիք չունի։ Սա վերջին հույսն է և շանսն է այսօրվա խորհրդարանում․ մենք ձևակերպել ենք քաղաքական պահանջ, ձևավորել ենք իրավական պահանջ և ներկայացրել ենք խորհրդարանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական նոր օրակարգի շուրջ ՀՅԴ-ն կձևավորի նաև հասարակական-քաղաքական պահանջ և համախմբում։ Երկրի քաղաքական դաշտում նշմարվում է արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա։ Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ Դաշնակցությունը քննարկումներ է անցկացնում քաղաքական այլ դերակատարների հետ միասնական օրակարգի շուրջ միավորման նպատակով։ Ո՞ր քաղաքական ուժերն են ներգրավված՝ նա չհստակեցրեց, միայն ասաց, որ ընդդիմադիր դաշտի տարբեր ուժեր են, իսկ քննարկումները վերաբերում են բացառապես երկրում ստեղծված իրավիճակին։ Այս պահին պայմանավորվածություն առայժմ չկա, երբ լինի՝ հանդես կգան հայտարարությամբ։

ԱԺ հատուկ արտահերթ նիստի օրակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա քննարկումը կառավարության հետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նշել է։ Իշխան Սաղաթելյան մանրամասնեց՝ ամբողջական գնահատական տալ ստեղծված իրավիճակին, պատասխանատվության կանչել ստեղծված իրավիճակի համար ձախողած պաշտոնյաներին և շատ արագ սեղանի վրա դնել ստեղծված իրավիճակից բխող համապարփակ ծրագիր․ «Սա Ազգային Ժողովի անելիքներից է և պարտավոր է րոպե առաջ սա իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս