«Մենք բոլորս պետք է ոչ ասենք ռասիզմին և բռնությանը: Ցանկացած ձևով»․ Ինֆանտինո
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ֆուտբոլիստների՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանն ուղղված պահվածքի հետ։
«ՖԻՖԱ-ն բազմիցս հայտարարել է իր վճռական պայքարը ռասիզմի և ցանկացած տեսակի խտրականության դեմ և վերջերս ուժեղացրել է իր կարգապահական կանոնները` օգնելու արմատախիլ անել այս պահվածքը:
ՖԻՖԱ-ն ինքնին խթանում է բազմաթիվ հակառասիստական արշավներ, որոնք հաճախ պարունակում են հակառասիստական հաղորդագրություն մեր հովանու ներքո կազմակերպված խաղերում:
IFAB-ի կողմից հաստատված խաղի օրենքների կիրառումը մնում է մրցույթի կազմակերպիչների առջև, որոնք պետք է առաջնորդվեն առողջ բանականությամբ և հաշվի առնեն համատեքստը՝ իրադարձությունների շուրջ»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Խոսել է նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն:
«Կասկածից խուսափելու համար, Բունդեսլիգայի խաղարկություններում խաղացողների վերջին ցույցերն արժանի էին ծափահարությունների, քան պատժի:
Մենք բոլորս պետք է ոչ ասենք ռասիզմին և խտրականության ցանկացած ձևին: Բոլորս պետք է ասենք ոչ բռնությանը: Ցանկացած բռնությանը»,- ասել է Ինֆանտինոն:
Ակցիային աջակցել է նաև ՈւԵՖԱ-ն:
«Ոչ ասեք ռասիզմին: Միասին մենք ավելի ուժեղ ենք»,- գրել է կազմակերպությունը Twitter-ում: Հաղորդագրությունն ուղեկցվում է #BlackLivesMatter (սև կյանքը նշանակություն ունի) և #BlackoutTuesday (սև երեքշաբթի) հեշթեգերով, ինչպես նաև՝ #JusticeForGeorgeFloyd (արդարադատություն Ֆլոյդի համար):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլային միությունը հետաքննում է Ֆլոյդի սպանության վերաբերյալ Սանչոյի, Թուրամի և ՄակՔեննիի ժեստերը: Սանչոն դեղին քարտ ստացավ վերնաշապիկի ցուցադրության համար՝ «Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար» գրությամբ:
Հիշեցնենք, որ քննարկումներն առաջացել էին ԱՄՆ-ում մայիսի 25-ին տեղի ունեցած պատմությունից հետո, երբ իր ձերբակալման ժամանակ մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը փորձել էր վճարել կեղծ չեկով Մինեապոլիսի սուպերմարկետում:
Ոստիկանները Ֆլոյդին պառկեցրել էին գետնին և ծնկով սեղմել նրա պարանոցը։ Չնայած այն բանին, որ Ջորջ Ֆլոյդը գոռացել էր, որ չի կարողանում շնչել, ոստիկանը չէր հանել ոտքը նրա պարանոցից, ինչի հետևանքով նա մահացել էր։
Ֆլոյդը մահացավ հիվանդանոցում: Տեսանյութերը, որում նա բազմիցս ասում էր, որ չի կարողանում շնչել, արագորեն տարածվեցին լրատվամիջոցներում: Մահվան մեջ ներգրավված չորս ոստիկաններն աշխատանքից հեռացվեցին հաջորդ օրը:
Սիրարփի Աղաբաբյան