ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերն ու արձանագրում խախտումները. կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: Այսօր՝ 03.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Դավթաշեն, Արաբկիր, ինչպես նաև կրկնայցեր՝ Կենտրոն վարչական շրջաններում:
Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
Այսօր նաև 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը, իսկ մեկինը, որն արդեն երկրորդ անգամ էր խախտում պարետի որոշման պահանջները՝ 48 ժամով: