«Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության»․ Նիկոլ Փաշինյան

«Մեյմանդարում գիշերը հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել, շուրջ 3 տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ, քրեական գործ է հարուցված և պատասխան տվողներ կլինեն»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ի՞նչ ենք ասում՝ ասում ենք՝ կանոնները պահեք, ժողովուրդ ջան, որ չմահանանք մենք, մեր հարազատները, մեր ծնողները։ Բանկերը իրենց հարցերը պետք է լուծեն։ Պարզվում է՝ հունիսի 1-ին քաղաքապետարաններ են եղել՝ միջոցառումներ են կազմակերպել երեխեքի համար։ Երբեմն տպավորություն է, որ մենք մեր երեխեքին ավելին շատ ենք սիրում, քան մեր ծնողներին։ ՏԻՄ-երն իրենք վարչակազմերի ռեսուրսները պետք է օգտագործեն, որպեսզի հակահամաճարագային կանոնները պահվեն, և քաղաքացիներն իրար պետք է ամոթանք տան։ Իրար պետք է ասեն՝ ժողովուրդ ջան, էս ի՞նչ ենք անում, եկեք՝ մի հատ սթափվենք»,-ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է․ «Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը․ սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի ժողովրդի մեղքից։ Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։ Մենք մի ամբողջություն ենք, մեզ հնարավոր չէ տարանջատել, ասել՝ սա կառավարություն է, սա ժողովուրդն է։ Մենք մի ամբողջություն ենք, լավ ենք, վատ ենք՝ էս ենք։ Եվ ես համոզված եմ, որ մենք լավ ենք, ուղղակի վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց մենք մեր ազատությունը սկսել ենք մեր դեմ, մեր պետական շահերի դեմ օգտագործել։ Ես ուրիշ ձև չգիտեմ, քան այս հաղորդակցությունը, ես հավատում եմ ձեզ, ես հավատում եմ, որ այս ուղերձը տեղ հասնելու է»։

Վարչապետը խոսեց նաև իր և իր ընտանիքի անդամների ինքնազգացողության մասին․ «Դեռևս ասիմպտոմ ենք, ճիշտ է ՝ ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին․․․ որովհետև ասում են, որ անկանխատեսելի ընթացք է ունենում, բայց մենք տեղյակ կպահենք։ Ասիմպտոմ վիճակ է, կարող էինք չհայտարարել, որ մեզ մոտ դրական է ախտորոշվել, որ մեր մեղավորության ապացույցը թաքցնեինք։ Չենք թաքցնում, այո, մեղավոր ենք։ Ես որ վարակվել եմ, ինչ-որ բան այնպես չեմ արել, և ի՞նչ։ Ուրմեն՝ բոլորս եկեք վարակվե՞նք։ Կամ, որ տնից-տեղից հեռու, որ վատանամ, դա նշանակում է, որ բոլորս պետք է վատանա՞նք։ Կամ, որ Աստված չանի՝ մահանամ, բոլորս պետք է մահանա՞նք։ Ի՞նչ կապ ունի դա։ Առողջապահական համակարգը անում է մաքսիմումը, բայց սա առողջապահական խնդիր չէ։ Եկեք՝ 3 միլիոնով հիվանդանանք, ասենք՝ մեզ չեն բուժում, որտե՞ղ բուժեն»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Գլորիա կարի ֆաբրիկայում արդեն կորոնավիրուսի 36 հաստատված դեպք կա։

 

Տեսանյութեր

Լրահոս