«Մոտենում է այն պահը, երբ ես կբացեմ փակագծերը ու կներկայացնեմ հանրությանը բազմաթիվ կարևոր փաստաթղթեր»․ Անդրանիկ Հովհաննիսյան
Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը, որի մուտքը Հայաստան ամիսներ առաջ արգելվել էր, շարունակում է պնդել, որ ինքը ՀՀ-ի համար որևէ վտանգ չի ներկայացնում, և իր մուտքը հայրենիք ապօրինի է արգելված։
168․am-ի հետ զրույցում նա հետևյալն ասաց․ «Ես դիմել էի ԱԺ բոլոր պատգամավորներին, պատգամավորներից մի քանի արձագանք ստացա, բայց գործին ընթացք այդպես էլ չի տրվել։ Համենայնդեպս, ինձ դրա մասին չեն տեղեկացրել։ Օրերս ՄԻՊ-ից նամակ եմ ստացել, որտեղ նշված է, որ ՄԻՊ-ի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտն իմ բողոքի քննարկման շրջանակներում գրություն է հասցեագրել ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն»։
Նրա խոսքով՝ ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության կողմից, ի պատասխան ՄԻՊ-ի հարցմանը՝ տրվել է պարզաբանում, որը մեր զրուցակիցն անհեթեթ որակեց․ «Հատկապես՝ խոսքը հետևյալ հայտարարությունների մասին է, որոնք չեն համապատասխանում իրականությանը․
1․ Ըստ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից տրված պարզաբանմանը՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին փոստային առաքման միջոցով ինձ ուղարկվել է նամակագրություն՝ իմ բնակության հասցեով։ Սրա մասին ես արդեն բազմիցս նշել եմ, որ հնարավորություն չե՛մ ունեցել ստանալու այն, որովհետև ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության աշխատակիցների անփութության թե դիտավորության արդյունքում՝ նամակն ուղարկվել է սխալ հասցեով։
2․ Ըստ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից տրված պարզաբանմանը՝ հետագայում /2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ դեպի Հայաստան իմ մուտքը արգելելուց 2 օր անց/ ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության աշխատակիցները ինձ հետ հեռախոսազրույց են ունեցել։ Սակայն, սա չի՛ համապատասխանում իրականությանը: Ինձ հետ ոչ ոք հեռախուսազրույց չի՛ ունեցել, այլ նամակագրության միջոցով ես ցանկություն եմ հայտնել, որ իմ էլեկտրոնային փոստին ուղարկվի այն նամակը, որը ես պետք է ստացած լինեի դեռ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին իմ գրանցման և բնակության հասցեով (որը, ի դեպ, նշված է եղել իմ կացության քարտում)»։
Նա ընդգծեց, որ ի պատասխան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությանն է ներկայացրել իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, որոնք, ըստ Անդրանիկ Հովհաննիսյանի՝ հերքում են ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից ի պատասխան ՄԻՊ-ի հարցմանը տրված պարզաբանումը։
Հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում տարբեր միջոցներով փորձել է դիմել վարչապետին, բայց արձագանք չի եղել․ առհասարակ, տարօրինակ չէ՞, որ իր հարցին շատ քիչ պաշտոնյաներ են անդրադարձել և փորձել որևէ քայլ անել։
«Անկեղծ ասած՝ արդեն երկար ժամանակ է՝ ունեմ ենթադրություն, որն ի հայտ է եկել ինձ մոտ դեռ այն ժամանակ, երբ «Զվարթնոց» օդանավակայանում իմ ձեռքից անհիմն վերցրեցին կացությանս քարտը։ Այս պահին դեռ չեմ ուզում բարձրաձայնել իմ ենթադրության մասին, և համբերատար, արդեն 8-րդ ամիսն է՝ դիմում եմ ՀՀ տարբեր պետական և իրավական մարմիններին, որպեսզի վերականգնվի իրավական արդարությունը, և ես վերադառնամ հայրենիք։ Սակայն ՀՀ պատկան մարմինների թիվը սահմանափակ է, և ինձ մոտ շուտով կավարտվեն դիմում-խնդրանքների հնարավորությունները։ Այդ ժամանակ ես ստիպված եմ լինելու բարձրաձայնել իմ ենթադրության մասին, որը կներկայացնեմ արդեն հստակ ապացույցներով՝ որպես կոնկրետ փաստ, այլ ոչ թե՝ ենթադրություն կամ տրամաբանություն։ Չնայած, որ փաստերն առաջին իսկ օրվանից վկայում են նրա մասին, որ տեղի ունեցածը նախապես ծրագրավորված գործողություն էր, ես դեռ հույս ունեմ, որ ՀՀ պատկան մարմինները խնդրին հստակ լուծում կտան»։
Նկատեցինք՝ եթե կոնկրետ փաստեր կան, ինչո՞ւ հիմա չի հրապարակում, չէ՞ որ ամիսներ շարունակ իր հարցին այդպես էլ լուծում չի տրվում.
«Իհարկե, ինձ համար շատ ցավալի է, որ ինչ-որ մեկի փառասիրության, դավաճանության կամ ուղղակի ցանկության պատճառով կարող է արգելվել հայի մուտքը դեպի Հայաստան։ Հայրենասիրությունից ելնելով է, որ ես չեմ բարձրաձայնում որոշ բաների մասին, որոնք կարող են մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշին՝ հատկապես ազգային անվտանգության տեսանկյունից։ Ես դեռ հույս ունեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրին հստակ և արդար լուծում կտա։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ արագ է ընթանում Հայաստանում։ Կարծում եմ՝ մոտենում է այն պահը, երբ ես կբացեմ փակագծերը ու կներկայացնեմ հանրությանը բազմաթիվ կարևոր փաստաթղթեր իմ հարցի վերաբերյալ։ Լինի դա այս իշխանության օրոք, կամ ապագա՝ իմ մուտքը դեպի հայրենիք բացվելու է»։