Բաժիններ՝

«Եթե արտաքին պարտք է ներգրավվում, հստակ պետք է երևան այն ուղղությունները, որոնցով այդ միջոցները պետք է ծախսվեն». Տնտեսագետ

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել լրացուցիչ պարտքային միջոցներ:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ չպետք է վախենալ արտաքին պարտքի մեծացումից, պետք է վախենալ  ՀՆԱ-ի չաճելուց:

«Որ մեր պարտքը պետք է ավելանա, միանշանակ է, այլ բան է, թե պարտքն ավելանալու միջոցով ինչ խնդիրներ պետք է լուծվեն: Մենք չպետք է վախենանք արտաքին պարտքի մեծանալուց, մենք պետք է վախենանք մեր ՀՆԱ-ի չաճելուց. սա նշանակում է՝  եթե արտաքին պարտք է ներգրավվում, հստակ պետք է երևան այն ուղղությունները, որոնցով այդ միջոցները պետք է ծախսվեն, և մոտավորապես պետք է պատկերացում լինի, թե ինչ արդյունքի է սա բերելու: Հակառակ դեպքում՝ մենք հայտնվելու ենք նախորդ տասնամյա ծուղակի մեջ, երբ արտաքին պարտքը քանի անգամ ավելանալու պարագայում՝ ՀՆԱ-ի աճ չունեցանք. այդ միջոցները բերվեցին և ըստ էության մսխվեցին: Միակ հոդաբաշխ բանը, որ ասել էին նախկին ղեկավարները, նա էր, որ այդ միջոցները երկրում կայունության ապահովմանն են ուղղվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Հարցին՝ արդյոք գործող իշխանություններն ունա՞կ են ճիշտ կառավարել  ներգրավվող հերթական միջոցները՝ երկու տարվա աշխատանքը հաշվի առնելով, նա պատասխանեց.

«Նախկինի համեմատ՝ ակնհայտ դրական է. երկիրը համընթաց զարգանում է, խնդիրներ, իհարկե, կան, բայց մինչ այս ճգնաժամը համարժեք լուծումներ տրվում էին, ակնհայտորեն չկա պետական միջոցների բացահայտ կողոպուտը: Սա իշխանությունների համար փորձություն է, և գնահատականները պետք է հավանաբար տանք տարեվերջին, որովհետև այն քայլերը, որոնք արվել են, ակնհայտորեն բավարար չեն տնտեսական հնարավոր բացասական հետևանքները վերացնելու համար:

Եթե այս վիճակում էլ գնահատելու լինենք, մեզ սպասվում են որոշակի դժվարություններ, բացասական միտումներ, բայց ես հուսով եմ, որ առաջիկայում կլինեն նաև այն միջոցառումները (այդ թվում և՝ արտաքին պարտքի ավելացմամբ), որոնք կապահովեն տնտեսական զարգացումը և թույլ չեն տա, որ անկումը լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս