Բաժիններ՝

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կարող է սպասարկել նաև բակային տարածքները. փոխքաղաքապետ

Այսօր ավագանու միաձայն որոշմամբ լուծարվեցին կանաչապատման համայնքային ՓԲԸ-ներ: Մայրաքաղաքի կանաչապատումն այսուհետ ամբողջությամբ կիրականացնի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ում է վերապահված բակային կանաչապատումը, քանի որ իր դիտարկմամբ՝ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում և բանուկ հատվածներում է կանաչապատում անում:

«Քանի որ կանաչապատումը քաղաքում իրականացնում է մեր նորաստեղծ ՀՈԱԿ-ը, ուզում էի իմանալ՝ բակային տարածքներում կանաչապատումն անելու է նո՞ւյն ՀՈԱԿ-ը, թե՞ այլ ծրագիր կա, որին ես չեմ տիրապետում»,- հարցրեց Զաքարյանը:

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց, որ, երբ ստեղծվում էր ՀՈԱԿ-ը և հաշվարկվում էր, թե որքան ֆինանսական միջոցներ են հարկավոր, այդ ժամանակ բակային տարածքների սպասարկումը ներառված չի եղել:

«Քանի որ մեր նոր ՀՈԱԿ-ի աշխատակիցների քանակը շատ է, և ռեսուրսները ևս շատ են, կարծում եմ՝ հնարավորություն ունենք նաև բակային տարածքները սպասարկել: Այդ փորձն այս շրջանում չկարողացանք իրականացնել, քանի որ մեզ մոտ աշխատողների տարիքը գերազանցում է 60-ը, մեր 400 աշխատակցից 120-ն էին աշխատում այս ընթացքում, մնացածի հետ կապված՝ հաճախման խնդիր ունենք, այդ պատճառով հնարավորություն չունեցանք բակային տարածքներում աշխատանքներ իրականացնելու: Խնդիրը դրված է, որ սպասարկում իրականացվի նաև բակերում: Տարին ամփոփելիս՝ կհասկանանք, թե որքա՞ն հավելյալ ռեսուրս է անհրաժեշտ»:

Փոխքաղաքապետի խոսքով՝ լուծարված ՓԲԸ-ների այն աշխատակիցները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, կստանան այդ հնարավորությունը: Հրաչյա Սարգսյանն առիթն օգտագործեց նաև թափուր աշխատատեղերի մասին հայտնելու համար.

«Աշխատատեղեր ունենք բանվորների, որոնք չենք կարողանում համալրել: ՀՈԱԿ-ում ընդհանուր առմամբ 700 աշխատատեղ ունենք, համալրման դեպքում կկարողանանք նաև բակերում աշխատանքներ իրականացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս