Բելգիան մայիսի 4-ից փուլային տարբերակով կհանի մեկուսացման սահմանափակումները
Բելգիայում կորոնավիրուսի տարածման տեմպի շարունակական նվազման պայմաններում հնարավորություն է ստեղծվել անցում կատարել մեկուսացման պայմանների մեղմացմանը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ճգնաժամային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Բենուա Ռեմակերը:
«Մեր ունեցած թվերը ցույց են տալիս, որ նվազման միտում կա: Դա կարևոր է, քանի որ մենք այժմ կարող ենք աստիճանաբար անցում կատարել կիրառվող խիստ սահմանափակումների մեղմացմանը հաջորդ երկուշաբթիից»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ներկա միտումները պահպանելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին այս վիրուսը դեռ կպահպանվի, և հասարակությունը պետք է սովորի ապրել դրա հետ:
Ճգնաժամային շտաբի տվյալների համաձայն՝ Բելգիայում վերջին մեկ օրում գրանցվել է վարակվածության 647 նոր դեպք, մահացել է 134 մարդ: Այսպիսով, ընդհանուր վարակվածների թիվը երկրում ավելի քան 47 հազար է, մահերինը՝ 7 հազարից ավելի: Նկատվում է նաև հոսպիտալացվածների թվի նվազում: