«Ապրիլից 2-ից 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող». Լևոն Մնացականյան

Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը` ասելով, որ եղել է անկեղծ շփում:

«Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան գործողություների ժամանակ»,- նշեց նա:

Հարցերին՝ արդյոք եղած բացթողումները կարող էին էական նշանակություն ունենալ ընթացքի համար, կարո՞ղ ենք կասկածի տակ դնել նաև հայկական կողմի հաղթանակը, Մնացականյանն արձագանքեց.

«Իհարկե` ոչ: Պաշտպանության բանակը միանշանակ կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Իսկ այն թերությունները, որոնք կան, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան էլ անենք: Իհարկե, այդ ուղղությամբ աշխատում ենք, ՊԲ-ն աշխատում է»,- լրացրեց ՊԲ նախկին հրամանատարը:

Հարցին` եղե՞լ է այդ օրերին օպերատիվ-հետախուզական տվյալների պակաս, Լևոն Մնացականյանը նախընտրեց այս մասին դեռևս ոչինչ չասել, քանի որ հարցեր կան, որոնք դեռ պետք է ճշտվեն:

«Հանձնաժողովը կորոշի` եթե կարիք կլինի ներկայացնելու, կներկայացնենք, եթե ոչ` հանձնաժողովն իր աշխատանքի վերջում ամբողջական կներկայացնի»,- ընդգծեց նա:

ՊԲ նախկին հրամանատարը շեշտեց` եթե խնդիրը կատարել ենք, ապա ճակատագրական ինչ սխալի մասին կարող է խոսք լինել:

Մնացականյանը հերքեց` 100-ից ավելի զոհ հայկական կողմը չի ունեցել:

«Ապրիլից 2-ից 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող»,- մանրամասնեց Մնացականյանը:

Թե ինչու նախորդ իշխանությունների օրոք ապրիլյանի հետ կապված հարցերը չեն արծարծվել, Արցախի ոստիկանապետն ակնարկեց` կա վերլուծական, որը չի հանրայնացվել:

«Կա վերլուծական և ՊԲ-ի, և ԳՇ-ի, և կատարված վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք հիմա ընթացքի մեջ են»,- եզրափակեց Արցախի ՊԲ նախկին հրամանատարը:

Տեսանյութեր

Լրահոս