Բաժիններ՝

COVID-19. Իսպանիայում մեկ օրում 440 մահվան նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 659 հազար 163-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 185 հազարը: Ապաքինվել է 730 հազար 393 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 47 հազար 684 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 213 հազար 024 է: Վերջին մեկ օրում Իսպանիայում գրանցվել է 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշն ավելացել է 440-ով. ընդհանուր թիվը դարձել է 22 հազար 157:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187 հազար 327 է: Վարակից մահացել է 25 հազար 085 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 159 հազար 877 հաստատված դեպք, մահացել է 21 հազար 340 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 150 հազար 773 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 319 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 133 հազար 495 հաստատված դեպք: Մահերը 18 հազար 100-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 98 հազար 674-ի, մահացածներինը՝ 2 հազար 376-ի: Չինաստանին շրջանցած Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 87 հազար 026: Այստեղ վարակվածների նոր դեպքերի թիվը 1030 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 481 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 798 ընդհանուր, 10՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 773 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 555-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 46 հազար 348 է, Բելգիայում 42 հազար 797 է, Կանադայում՝ 40 հազար 190, Նիդերլանդներում՝ 35 հազար 729 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 420 դեպք կա, մահացել է 5 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 756 է, մահացածներինը՝ 56: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 764, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 659 հաստատված դեպք կա, մահացել է 276 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 2399-ի, մահացածներինը՝ 14-ի: Իրաքում գրանցվել է 1 631 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 688 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ այն բոլոր սահամանփակումները, որոնք նախատեսված են մինչև ապրիլի 27-ը, երկարաձգվում են մինչև մայիսի 4-ը: Հաջորդ շաբաթվա սկզբին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության ծրագիրը հաջորդ շրջանի համար»,- ասել է նա: Կառավարության հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ բնականոն կյանքին վերադարձը լինելու է աստիճանական, փուլային տարբերակով: Դրա նպատակն այն է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում չվատանա:

Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 հազար 408 է, մահերինը՝ 121:

Իտալիայում կթույլատրվի հարազատների մասնակցությունը թաղման արարողություններին

Մոտ ապագայում Իտալիայի ՆԳՆ-ն կառավարությանը կառաջարկի վերանայել թաղման արարողության հետ կապված սահմանափակումները: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այդ մասին նշել է գերատեսչության ղեկավար Լուչանա Լամորգեզեն:

«Ներկա իրավիճակում, երբ վարակով պայմանավրված սահմանափակումների համաձայն չի թույլատրվում հարազատների թաղմանը մասնակցելը, մարդկային տեսանկյունից ճիշտ չէ»,- ասել է Լամորգեզեն:

Մարտի 22-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքների դադարեցման մասին՝ բացառությամբ ռազմավարական նշանակության կազմակերպությունների: Թույլատրվել է նաև դեղատների ու մթերային խանութների գործունեությունը:

Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 187 հազար 327, մահերինը՝ 25 հազար 085:

Իսրայելի կառավարությունում պահանջում են բացել վարսավիրանոցներն ու ծաղկի խանութները

Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Ըստ լրատվամիջոցների՝ բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ որոշ նախարարներ նկատել են, որ Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մոշե Բար Սիման Թովը, առանց այլ պաշտոնյաների հետ խորհրդակցելու, նախագծում ավելացրել է կետ, որով արգելվում է վերսկսել ավելի քան 15 խանութ ունեցող առևտրի կենտրոնների աշխատանքը:

Ֆինանսների նախարար Մոշե Կալոն քննադատել է այդ քայլը և պահանջել է անհապաղ թույլ տալ բացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը, վարսավիրանոցները, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության համար: Ֆինանսների նախարարը նաև պահանջել է թույլ տալ ծաղիկների խանութների բացումը:

Նշվում է, որ ավելի քան 300 առևտրային ցանց և առանձին խանութներ ակնկալում են կառավարությունից որոշ պահանջների իրականացում՝ կապված ճգաժամի հետ:

Մերկելը կորոնավիրուսը համարել է լրջագույն մարտահրավեր ԳԴՀի պատմության մեջ

Կորոնավիրուսի համաճարակը, դաշնային հանրապետություն հիմնելու ժամանակից ի վեր, Գերմանիայի պատմության լրջագույն մարտահրավերն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ:

«Մենք բոլորս՝ կառավարությունը, խորհրդարանը, ամբողջ մեր երկիրը, բախվել ենք մի փորձության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, դաշնային հանրապետություն հիմնելուց ի վեր երբևէ չի եղել»,-ասել է նա: Մերկելն ընդգծել է, որ դեռ ստիպված են լինելու երկար ապրել այս վարակի հետ: Հարցն այն է, թե ինչպես պետք է հարմարվել դրան, քանի որ այն դեռ երկար կմնա Գերմանիայի ու Եվրոպայի քաղաքական գործիչների գլխավոր հարցը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբեք ոչ մի հարցի հետ կապված որոշում կայացնելն իրեն այդքան դժվար չի տրվել, ինչպես սոցիալական շփումների սահմանափակումն է:

Կառավարության ղեկավարը խոսել է պաշտպանական հագուստի արտադրության անհրաժեշտության մասին: «Համավարակը սովորեցնում է մեզ՝ լավ չէ, որ պաշտպանիչ հագուստները գալիս են հեռավոր երկրներից: Նման իրերի շուկայում լարվածություն կա: Դիմակները, որոնք արժեն մի քանի ցենտ, համավարակի ժամանակ կարող են դառնալ ռազմավարական գործոն»,-հավելել է նա:

Ավստրալիան դեռ 4 ամիս սահմանները փակ կպահի

Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտար Բրենդեն Մերֆին առցանց ելույթի ժամանակ:

«Միջազգային իրավիճակը ներկայում այսպիսին է, սահմանային ռեժիմի ցանկացած թուլացում կլինի ծայրահեղ ռիսկային քայլ: Ես խորհուրդ եմ տվել Անվտանգության հարցերով ազգային կոմիտեին երկարաձգել երկրից դուրս գալու խիստ սահմանափակումների ժամկետը և երկիր թողնել միայն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ»,-ասել է Մերֆին:

Նրա խոսքով, առաջիկայում կքննարկվի միջոցառումների անցկացման արգելքը հանելու հնարավորությունը, թեպետ, մեծամասշտաբ իրադարձությունների նկատմամբ արգելքը շարունակելու է մնալ: «Կվերանայվեն նաև մի քանի այլ սահմանափակումներ՝ կապված մարզական հաստատությունների, փոքր խանութների, խաղահրապարակների հետ: Ամեն դեպքում, մենք սկզբում պետք է գնահատենք ռիսկը»,-հավելել է նա: Ավստրալիայում 6 հազար 600-ից ավելի վարակի հաստատված դեպք կա, 4 հազար 600-ից ավելին ապաքինվել է, 75 մարդ՝ մահացել:

ԱՄՆ-ում կատուների մոտ արձանարգվել է COVID-19

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տնային երկու կատվի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «Associated Press»-ին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնյաները նշել են, որ կատուներն ունեցել են թեթև ախտանշաններ: Ենթադրվում է, որ կենդանիները վարակվել են մարդկանցից իրենց տներում կամ դրանց շրջակա հատվածում: Նշվում է, որ կատուներից մեկի տիրոջ մոտ, կենդանու մոտ վարակի հաստատումից մեկ շաբաթ առաջ, առկա է եղել սուր շնչառական վիրուսային վարակ:

Երկրորդ կատվի տիրոջ մոտ եղել է COVID-19: Տվյալ անձն ունի ևս մեկ կատու, որի մոտ հիվանդության ախտանշաններ չկան: Ապրիլի սկզբին Նյու Յորքի կենդանաբանական այգում առյուծների ու վագրերի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Դրանից բացի, չինացի գիտնականներն Ուհանում 102 կատուների մոտ հայտնաբերել էին կորոնավիրուսի հակամարմիններ: Թեպետ կորոնավիրուսը, ըստ երևույթին, մարդուց անցնում է կենդանուն, սակայն գիտնականները չունեն ապացույց, որ կենդանիները կարող են վարակը փոխանցել մարդուն:

«Մենք չենք ցանկանում, որ մարդիկ խուճապի մատնվեն: Մենք չենք ցանկանում, որ մարդիկ վախենան ընտանի կենդանիներից: Չկա որևէ ապացույց, որ ընտանի կենդանիները կոնկրետ դեր են տանում մարդկանց շրջանում վարակի տարածման հարցում»,-ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից Քեյսի Բարտոն Բեհրավեշը:

Հազվագյուտ կրիաները 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Թաիլանդի լողափեր

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Թաիլանդի հայտնի տուրիստական լողափեր են վերադարձել հազվագյուտ կրիաներ, որոնց մեջքը կաշվենման է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջիկները լքել են հանգստավայրերը, որտեղ մասնագետները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում: Էկոլոգները պարզել են, որ այն կենադանատեսակները, որոնց թիվը վերջին տարիներին նվազում էր, Թաիլանդի ամենահայտնի ծովափնյա վայրերից մեկում՝ Փհուկետում, դրանց հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում: Հազվագյուտ կրիաները մեծ քանակությամբ ձվադրել են ափերին: Էկոլոգները նշում են, որ նախորդ տարիներին մեծ քանակությամբ ձվադրումներ չեն եղել, քանի որ ձկնորսների կողմից կրիաների ոչնչացման ռիսկ կար: Դրանից բացի, խոչընդոտ էր ծովափերի ակտիվությունը:

Մասնագետները նշում են, որ Թաիլանդում այդ կրիաների անհետացման սպառնալիք կա: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում լողափերի հարակից հատվածում նկատվում է այլ ծովային կենդանիների, ինչպես օրինակ դելֆինների, ծովային կաթնասունների թվի ավելացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս