«Եթե վարակը մի քիչ շատ տարածվեց, կործանվելու է այս երկիրը, որովհետև ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն կա, իրականում, ո՛չ էլ իշխանություն կա, ո՛չ էլ՝ պետություն»․ Արծրուն Պեպանյան

«Ակնհայտ է, որ իշխանությունները սկզբում անլուրջ վերաբերմունք ունեցան, որը հանգեցրեց այդ վարակի արագ տարածմանը։ Թեպետ, միևնույն է՝ գալու էր, տարբերակ չկար, որ չգար, բայց ժողովրդի մեծ մասը, լսելով բարձր իշխանավորների արհամարհական վերաբերմունքը, իրենք էլ սկսեցին նույն կերպ վարվել, ինչն առ այսօր նկատելի է»,- 168am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Նա ընդգծեց՝ մարդիկ հիշում են, թե պետության ղեկավարներն ինչեր են ասել կորոնավիրուսի վերաբերյալ․ «Հատկապես, որ մեր ժողովուրդը այդքան էլ կարգապահ չէ, իրենց պետք է խիստ ձևերով, մի քիչ էլ՝ ահաբեկելով բացատրեին, որ՝ զգուշացեք, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Եթե վարակը մի քիչ շատ տարածվեց, կործանվելու է այս երկիրը, որովհետև ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն կա, իրականում, ո՛չ էլ իշխանություն կա, ո՛չ էլ՝ պետություն․ ոչ մի բան չկա, հասկանո՞ւմ եք։ Սրբելու է, գնա։ Աստծո հույսին ենք, եթե կմնանք՝ կմնանք։ Մենք կուռ պետական համակարգ չենք ստեղծել։ Բայց որ տղաները չարչարվում են, ինչ-որ բան ուզում են անել, հասկանալի է, ում էլ բերես՝ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի։ Թե որքանո՞վ դա արդյունավետ կլինի, չգիտեմ»։

Դիտարկմանը՝ նույնիսկ այս սահմանափակումների ֆոնին բազմաթիվ մարդիկ դրսում են, չեն ենթարկվում, նա այսպես արձագանքեց․ «Ժողովրդի գիտակցությունից է գալիս։ Հեղափոխականները պետք է առաջին հերթին իմանային՝ եթե մենք գալիս ենք իշխանության, մեր ժողովուրդն ի՞նչ գիտակցություն ունի, արդյո՞ք այդ գիտակցությունը պիտանի է նորմալ պետության կառուցման համար, թե՞ մենք պետք է փոխենք այդ գիտակցությունը։

Այս խնդիրն է, որ ես ամբողջ 20 տարի բարձրացնում եմ, ձեր եթերներում էլ եմ ասել, որ մենք գիտակցության առումով խնդիր ունենք։ Եթե իշխանության եկողը սա չի հասկանում, չի ընկալում, համարժեք քայլեր չունի, տապալվելու է։ Ինչը մենք արդեն որերորդ անգամ տեսնում ենք։ Անպատրաստ են, պատկերացում չունեն՝ ինչ ժողովրդի են իրենք կառավարելու։ Իրենց թվում էր, թե ամեն ինչի մեղավորը նախկիններն են, այնքան էին ասել, որ իրենք էլ էին հավատում, հեռացրին նախկիններին, տեսան, որ այս ժողովուրդը չի ենթարկվում պետությանը, պետական մտածողություն համատարած չկա։ Սա դարերից եկող պրոբլեմ է»։

Տեսանյութեր

Լրահոս