Բաժիններ՝

Նշանակվել է «իկրայի գործով» դատական առաջին նիստի օրը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին քրեական գործով կամ, ինչպես հանրության շրջանում ընդունված է ասել՝ «իկրայի գործով» դատական առաջին նիստը նշանակվել է ապրիլի 20-ին:

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քրեական գործը ստացել էր մարտի 26-ին և մակագրել էր Առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել,  որ նա գիտակցելով տրվող հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է ենթադրյալ հանցագործության մասին սուտ մատնություն։

2020 թվականի հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևանյան ռեստորաններից մեկից հաճախակի 1 կգ-ը 3000 դոլարով «երեխու համար իկռա ա առնում»:

Դրանից հետո Ն. Սամսոնյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով: Ըստ Սամսոնյանի՝ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը, որը վստահ է, որ հարուցված քրեական գործում կա քաղաքական բովանդակություն, անգամ քրեական գործ հարուցելուց հետո պնդում է, որ «իկրայի գործը 100%-անոց ճշմարտություն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս