Արմեն Թավադյանի պաշտպանը վաղվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել
Վաղը՝ ապրիլի 2-ին, նշանակված է «Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի» քրեական գործով հերթական դատական նիստը:
168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ վաղը նշանակված դատական նիստը հետաձգելու մասին:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանը 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլբենկյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ և կոպտորեն խախտել է հասարակական կարգը: