«Սա մեկ կամ երկու ամսվա խնդիր չէ, և շփումների սահմանափակումը պետք է տարածենք ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո». Արսեն Թորոսյան
«Նորքի ինֆեկցիոնում մահացած անձն այնտեղ է հայտնվել, քանի որ վիրուսի կասկած է եղել, որն էլ հերքվել է։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարտի 17-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացուն։
Ինչ վերաբերում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի մեկուսացված 75 հոգանոց անձնակազմի ընդհանուր առողջական վիճակին, Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նրանց մեկուսացնելն անխուսափելի էր, քանի որ աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
«Նրանցից ոմանք ջերմել են, հետազոտվել են, սակայն բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել, այսինքն՝ այս պահին որևէ հիմնավոր կասկած, որ նրանք վարակվել են՝ չկա, եթե նույնիսկ լինի էլ՝ մենք այստեղ ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կախված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե դա լինի վիրուսի թեթև ձև, ապա հնարավոր է, որ ամեն ինչ տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե ծանր լինի դեպքը, ապա նրանք կհոսպիտալացվեն»,- շեշտեց նախարարը։
Ըստ նրա՝ նման դեպք կրկին եղել է, երբ մի իտալացու հետ վեց ընտանիք է շփվել, որոնք այս պահին իրենց շենքում կարանտինի մեջ են։ Նախարարը նաև հավելեց, որ վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են կարանտինից և ավելի շատ կենտրոնանում ինքնամեկուսացման վրա: Կան երկրներ, որոնք դրա խախտման դեպքում նախատեսում են պատասխանատվություն, ինչը արվելու է նաև Հայաստանում։
Նրա կարծիքով, եթե համաճարակաբանական ցուցումներով անձին պարտրադրված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ, ընդհուպ՝ մինչև քրեական պատասխանատվություն։
«Մենք այժմ աշխատում ենք այդ օրենքի նախագծի վրա, քանի որ վարակի տարածմանը զուգընթաց՝ պետք է հասկանանք, որ սա մեկ կամ երկու ամսվա խնդիր չէ, և շփումների սահմանափակումը պետք է տարածենք ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո»,- ընդգծեց նախարարը։
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի հետ կապված զարգացումները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, կլինեն առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին, որպեսզի ընդհանուր հիվանդանոցներում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ։
«Մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը վերջնական ճշտելուց հետո կհրապարակենք»,- նշեց նախարարը։