Բաժիններ՝

Կրակոցներ՝ սպանության փորձ Արմավիրի մարզում. կա ձերբակալված անձ

2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն սպանելու նպատակով, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկի դիմաց, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի, իսկ հրազենային վնասվածքներ ստացած տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ տան բակային հատվածում կայանված ավտոմեքենայի վրա՝ կրակոցի հետքեր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչը: Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս