ԱՄԷ-ն ՉԺՀ-ի Հուբեյի նահանգից արաբական երկրների քաղաքացիներին տարհանում է իր «Հումանիտար քաղաք»
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայանի ցուցումով Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանը կարգադրել է Չինաստանի Հուբեյի նահանգից՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից, եղբայրական ու բարեկամ մի շարք երկրների քաղաքացիներին տարհանել Աբու Դաբիի «Հումանիտար քաղաք»։
Այս միջոցը ձեռնարկվել է այդ երկրների կառավարությունների խնդրանքով: Աբու Դաբիում գտնվող «Հումանիտար քաղաք» անձանց տարհանումն իրականացվել է Էմիրությունների մարդասիրական սկզբունքների համաձայն, որոնք եղբայրներին ու բարեկամներին հնարավոր ամեն տեսակ օգնություն են նախատեսում դժվարին հանգամանքներում: Համալիր բժշկական ծառայություններով հանդերձված ինքնաթիռն իրականացրել է 215 մարդու բաղկացած խմբի տարհանումը, որում ընդգրկվել են մի շարք արաբական ու բարեկամ երկրների քաղաքացիներ: Տարհանմանը մասնակցել է հումանիտար արձագանքման խումբը, որի կազմում կամավորներ են եղել օդաչուների, բորտուղեկցորդերի թվից, ինչպես նաեւ բժշկական ու վարչական անձնակազմի խումբը:
Աբու Դաբիի «Հումանիտար քաղաքը» հանդերձված է տարհանվածների բուժզննումներ անցկացնելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ սարքավորումներով ու նյութերով: Նրանք կարանտինի մեջ կգտնվեն առնվազն 14 օր, կարանտինի ողջ ժամանակաշրջանում նրանց անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան, այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել նրանց լիակատար անվտանգությունը:
ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարությունը եւ Չինաստանում երկրի դեսպանությունը համապատասխան երկրների դեսպանությունների հետ համաձայնեցրել են տարհանման գործընթացի կազմակերպումը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի մշտական ձգտումը՝ աջակցություն ցուցաբերելու եղբայրական ու բարեկամ երկրներին եւ ամրապնդելու ԱՄԷ-ի հումանիտար հիմքերը, որոնք երկրի քաղաքականության անկյունաքարն են, երկիր, որի ղեկավարությունը միշտ էլ ընդգծել է դժվարին հանգամանքներում բոլոր ժողովուրդներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ առանց աշխարհագրական դիրքով, ռասայով կամ կրոնով պայմանավորված խտրականության: