«Իշխանությունը պետք է զերծ մնա «արջի ծառայություններից»». Արթուր Սաքունց
«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ոչ ոք չի կարող ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ընտրակաշառք բաժանել, իսկ բուն քվեարկության ժամանակ ընտրակեղծիք կատարել, չնայած նրան, որ օրեր առաջ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Նոյեմբերյանից տեղեկացված հյուրեր ունի, որոնք պնդում են՝ մի քանի գյուղում կանանց շրջանում շշուկներ կան, որ «Ոչ»-ից գումար են տալու: Նման լուրերին չհավատալու պատճառները, ըստ փորձագետի, երկուսն են. Մեկը՝ այն, որ գործող իշխանությունն ունի բավականին քաղաքական կամք դրա դեմ պայքարելու համար, երկրորդը՝ Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունները.
«Քրեական օրենսգրքով էապես փոխվել են մի շարք արարքների համար նախատեսվող պատժաչափերը, մի շարք արարքներ դասվեցին ծանր հանցագործությունների ցանկին: Սա նշանակում է, որ այդ արարքները կատարողները շատ ավելի մեծ ռիսկի կգնան հնարավոր պատժի մասով, ընտրակաշառք բաժանելու համար, կարծեմ, մինչև 6-7 տարի ազատազրկման կարելի է ենթարկվել, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ մինչև 8 տարի: Իրավապահ մարմիններն էլ հնարավորություն ստացան օպերատիվ հետախուզական բոլոր միջոցառումները կիրառել այդ հանցագործությունների բացահայտման համար, քանի որ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար իրավունք ունեն ամբողջ զինանոցն օգտագործել»:
Իոաննիսյանը ներկայացրեց նաև, որ մի շարք արարքներ, որոնք նախկինում վարչական իրավախախտումներ էին ենթադրում, այժմ քրեորեն հետապնդելի արարք են որակվում, ինչպես, օրինակ՝ ընտրությունների ժամանակ բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելը, մի շարք արարքներ էլ, որոնք որևէ կերպ պատժելի չէին, դարձել են վարչական իրավախախտումներ:
«Ես ամենակարևորը համարում եմ այն, որ դիտորդություն իրականացնող ՀԿ-ները, ընտրական սուբյեկտները, այս դեպքում՝ «Այո»-ի և «Ոչ»-ի նախաձեռնությունները, վարչական իրավախախտում տեսնելու դեպքում կարող են միանգամից դիմել վարչական դատարան՝ պահանջելով իրավախախտում արած անձին պատասխանատվության ենթարկել՝ շրջանցելով ընտրական հանձնաժողովները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ զանգվածային կամ պարբերական բնույթ կրող ընտրակեղծարարություն, ընտրակաշառքի բաժանում ուղղակի լինել չի կարող: Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ սկսի ընտրակաշառք բաժանել, այդ թվում՝ «Ոչ»-ի շտաբը»,- ասաց Իոաննիսյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս տեղեկություններ ունի, թե ընտրակաշառք է բաժանվում, ո՞ր կողմից, չցանկացավ մանրամասնել, միայն ասաց, որ երկու կողմերի համար էլ պատասխանատու է պետությունը:
«Ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը լեգիտիմ ՍԴ ունենալն է, որում շահագրգռված չեն շատ կոնկրետ ուժեր: Թե հանրաքվեն տապալելու համար ի՞նչ մեթոդներ, ի՞նչ գործիքներ են կիրառվելու, սա պետք է ենթադրել, բայց սրանով ես չեմ ուզում պատասխանատվությունը գցել նրանց վրա: Ազատ և արդար ընտրությունների համար բուն պատասխանատուն լծակների տիրապետման առումով իշխանությունն է, այն պետք է կանխի «Այո»-ի կողմից հնարավոր խախտումները և, միաժամանակ՝ «Ոչ»-ի կողմնակիցների կողմից գործընթացը խաթարելու փորձերը: Մի քիչ ունիկալ վիճակ է, քանի որ մենք սովոր ենք, որ ընտրախախտումներ հիմնականում անում են իշխանավորները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Փորձագետը նաև պնդում է, որ այն մարդիկ, որոնք ընտրակեղծարարություններ են արել՝ դպրոցի տնօրեններ, գործարարներ, չեն փոխվել:
«Միշտ պետք է ելնել իշխանության մեղավորության կանխավարկածից, ես չեմ ասում, որ նրանք հակված են վարչական ռեսուրսի կիրառման, բայց պետք է զերծ մնան «արջի ծառայություններից»»,- ասաց Սաքունցը:
Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի մյուս պնդմանը, թե ընտրական հանձնաժողովներում «ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ» են, փորձագետները դա այնքան էլ մտահոգիչ չեն համարում, պնդում են՝ եթե չկա հրահանգ, չկա նաև կատարող:
Այս քննարկմանը հրավիրված էր նաև «Ոչ» քարոզչական կողմից Ռուբեն Մելիքյանը, որը չէր եկել այն հիմնավորմամբ, որ քննարկմանն իր ներկայությամբ կլեգիտիմացնի այն կեղծ օրակարգը, որը ստեղծվել է «Ոչ»-ի շտաբի շուրջ: «Այո»-ի շտաբից քննարկման հրավիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը չէր ներկայացել՝ առանց պատճառաբանության: