«Բանակում պաշտոնանկություններն արված հետևություններից ընդամենը մեկն է». Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակի պատճառով տեղի ունեցած պաշտոնանկություններն իրավիճակի վերաբերյալ եղած հետևություններից ընդամենը մեկն է: Նա վստահեցնում է՝ իրականում շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում։

«Իրականացվող աշխատանքների մասին շատ է հայտարարվել, չեմ կարծում, որ իմ կողմից հնչեցվող հայտարարություններն ինչ-որ բան փոխելու են, կամ նորություն են լինելու։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը, հնարավոր է՝ ճակատագրեր խեղի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարարը՝ անդրադառնալով Զինված ուժերում տեղի ունեցած պաշտոնանկություններին։

Նա ընդգծեց, որ հստակ պետք է տարբերակել մահացածներին, զոհվածներին, քանի որ սխալ է ասել, թե վերջին երկու ամսվա ընթացքում բանակում 13 զինվոր է զոհվել, դրանց մի մասը մահեր են եղել։

«Այս ամենից արվող հետևությունները բազմաթիվ են, ինչպես արդեն նշեցի՝ դրանցից մեկը պաշտոնանկություններն են։ Պետք է ավելի խիստ հետևել բոլոր այն իրավակարգավորումներին, որոնք գործում են, այդ իրավակարգավորումները կան, և այստեղ խնդիրն իրավակիրառության ապահովման մեջ է։ Ես չեմ կարող ասել՝ պաշտոնանկ արված մարդիկ կապ ունե՞ն զինվորների մահերի հետ, թե՞ ոչ, կարծում եմ՝ սա պետք է պարզվի քննությամբ»,- հավելեց Գաբրիել Բալայանը։

Նա ձեռնպահ մնաց ասել, թե առաջիկայում պաշտոնանկությունները ևս կշարունակվե՞ն, թե՞ ոչ, նշելով, որ միայն վարչապետը և Պաշտպանության նախարարը կարող են նման տեղեկություն հայտնել։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն բնորոշմանը, որ բանակում միջանձնային հարաբերություններում հաճախ խնդիրներ առաջանում են սմարթֆոնների պատճառով, ուստի դրանք պետք է Զինված ուժերում արգելեն, Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ բանակում սմարթֆոններ չկան, հատկապես այժմ, երբ ամեն ինչ շատ են խստացրել, որի արդյունքում էլ զինծառայողներից ոմանց մոտ հայտնաբերել են նման հեռախոսներ և վերցրել։

«Մենք հայտնաբերում ենք սմարթֆոններ, տալիս ենք զինվորների ծնողներին, նրանք կրկին վերադարձնում են զինվորին, հետո կրկին հայտնաբերվում է, և զինվորը տույժի է ենթարկվում, որից հետո դիմում է մեդիաներին և ձեռք է բերում «զոհի» կարգավիճակ։ Բոլորդ էլ կհիշեք, որ Ամանորից առաջ հրապարակվել էր նկար, և նշել էին, թե թույլ չեն տվել, որ ծնողը զինվորի համար սննդի կապոց փոխանցի։ Արցախի մեր գործընկերներից հետաքրքրվեցինք, որ դա բավականին հին նկար էր, մի քանի անգամ ծնողներին ասել են, որ ոգելից խմիչք տղաներին չուղարկեն։ Այսինքն՝ հաճախ «զոհի» կարգավիճակում են հայտնվում այն զինծառայողները, որոնք իրականում պետք է տույժի ենթարկվեն, օրինակ, վերջերս մի զինծառայողի մոտ 4 հատ հեռախոս էր հայտնաբերվել»,- շեշտեց Գաբրիել Բալայանը։

Նա նաև նկատեց, որ, եթե այժմ սկսեն բանակում առհասարակ արգելել  հեռախոսների օգտագործումը, իրենց կմեղադրեն, թե ինչ-որ բան է կատարվում այնտեղ, և իրենք փորձում են թաքցնել։

Տեսանյութեր

Լրահոս