Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է, որ վարորդը փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի մի բնակչից՝ Վանաձոր տեղափոխելու համար։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։