Բաժիններ՝

Թրամփը Հնդկաստան այցն սկսել է Ահմադաբադ այցելությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն է։ Նախագահական ինքնաթիռը, որում գտնվում են Սպիտակ տան ղեկավարը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ինչպես նաեւ 12 մարդուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, վայրէջք է կատարել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան օդանավակայանում: ԱՄՆ-ի նախագահի ժամանումն ուղիղ եթերով հեռարձակել են հնդակական հեռուստաալիքները:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը, Ահմադաբադում ամերիկյան վարչակազմի ղեկավարը կմասնակցի «Նամաստե Թրամփ» («Բարեւ, Թրա՛մփ») զանգվածային միջոցառմանը, որը կանցկացվի Հնդկաստանում կրիկետի «Մոտերա» ամենամեծ մարզադաշտում:

Դրանից առաջ, ինչպես սպասվում է, Թրամփը տիկնոջ հետ կայցելի Աշրամ Սաբարմատի՝ վայր, որտեղ ապրել եւ քարոզել է Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին: «Մոտերա» մարզադաշտում Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին հանդես կգա բազմահազարանոց լսարանի առջեւ: Այնուհետեւ Թրամփը կնոջ հետ միասին կայցելի Ագրա քաղաք, որտեղ կդիտեն Թաջ-Մահալ թանգարանը: Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը կժամանի Նյու Դելի:

Փետրվարի 25-ին պլանավորված են նրա բանակցությունները Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի հնդկական բիզնես-հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Փետրվարի 25-ի երեկոյան պլանավորված է ընթրիք, որը կանցկացվի նախագահական պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս