«Ճաշակների հարց է, վարչապետը մի մոտեցում ունի, ընդդիմությունը՝ այլ». Սերգեյ Բագրատյանը՝ վարչապետի՝ 50 եվրոյով Հռոմ գնալու դիտարկման մասին
Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով տնտեսական հեղափոխության և մարդկանց լավ ապրելու վերաբերյալ իր պատկերացրած փիլիսոփայությունը՝ նշեց, որ ՀՀ քաղաքացին այսօր 50 եվրոյով կարող է գնալ Հռոմ և վերադառնալ. «Ինչ կարող էր ՀՀ քաղաքացին 50 եվրոյով անել երեք տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ գալ: Դա նրա կյանքը փոխե՞լ է, թե՞ ոչ: Կյանքի փոփոխության փիլիսոփայություն կա: Մարդու կյանքը պետք է փոխի ոչ թե՝ կառավարությունը, այլ՝ մարդու կյանքը պետք է փոխի հենց ինքը, բայց կառավարությունը պետք է դրա համար ստեղծի հնարավորություն»,- ասել է Փաշինյանը:
Այսօր ԱԺ-ում Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը և պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք 50 եվրոյով Հռոմ գնալն ու վերադառնալը կարող է լինել կյանքի բարելավում, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ այս հարցում կարող են տարբեր կարծիքներ լինել:
«Քաղաքացիներ կան, որ ավելի լավատես են տրամադրված և սպասումների դաշտ են ձևավորել և վստահ են, որ պետք է հասնեն բարեկեցության: Սա ճաշակների հարց է, վարչապետը մի մոտեցում ունի, ընդդիմությունը՝ մեկ այլ: Եթե մենք չխրախուսենք փոքր առաջընթացը, մեծ առաջընթացներ չենք ունենա»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
168.am-ի հարցին՝ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն ինչ-որ կերպ ազդել է մարդկանց կյանքի վրա, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ մեկ տարում մարդկանց կյանքը չի կարող ակնհայտ փոխվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում