Բաժիններ՝

«Եթե մենք համարենք, որ մեզ գոհացնում է այս ամենը, այդ ժամանակ մեր թոշակի գնալու ժամանակը կլինի». ՊԵԿ նախագահ

«2018 թվականի մայիսի համեմատ, օրինակ՝ հունվարի 27-ի դրությամբ, ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87.000, դրա մի մասը ստվերից է դուրս բերվել, մի մասը՝ նոր ստեղծված աշխատատեղեր են»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, որ ներդրումների տեմպերից այդքան էլ գոհ չէ, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ կարծում է՝ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ներդրումների ծավալները գոհացնող չեն:

«Եթե մենք համարենք, որ մեզ գոհացնում է այս ամենը, այդ ժամանակ մեր թոշակի գնալու ժամանակը կլինի: Եթե կան ներդրումներ, բայց դրանք մեր պատկերացրած ծավալները չեն, ուրեմն պետք է ավելի լավ աշխատենք»,- ասաց նա:

Դավիթ Անանյանը նաև շեշտեց, որ հարկերը հավաքագրելու կամ ցուցանիշները ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն երեք գործոն՝ տնտեսության աճը, հարկային քաղաքականության առումով լավ գործիքակազմ, և երրորդը՝ պետք է արդյունավետ հարկային վարչարարություն իրականացվի:

«Մենք չենք սահմանափակվում միայն երրորդն ասելով, որ մենք՝ որպես Պետական եկամուտների կոմիտե, պետք է միայն պատասխանատու լինենք արդյունավետ հարկային վարչարարությամբ, մենք պետք է դերակատարում ունենանք ցանկացած տեղ: Մենք հարկահավաքման գործընթացն էլ կազմակերպելիս այնպես պետք է իրականացնենք, որ տնտեսական աճին նպաստենք, մենք հարկային քաղաքականության գործիքակազմի մշակման, ընդլայնման, վերափոխման գործողություններին պետք է ակտիվ մասնակցենք»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս