«Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգության ցանկացած վտանգ կարող է հետևանքներ ունենալ  արդարադատության պատշաճ իրականացման վրա». Սարգիս Գրիգորյան

«Վերջին 2 տարիների ընթացքում բոլորը խոսում են անկախ դատարանների, անցումային արդարադատության, իրավական անվտանգության և ներկայում գալիք հանրաքվեի մասին, բայց անտեսում ենք շատ կարևոր մի հարց, որը հանդիսանում է իրավունքի գերակայության բաղադրիչ մասը, դա փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունն է»,- փաստաբանների այսօր նախաձեռնած հավաք-քննարկման ընթացքում  տեսակետ հայտնեց իրավաբան Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա՝ 2018 թվականի մայիսյան դեպքերից հետո մի շարք հարցեր են առաջանում՝ արդյո՞ք գործադիրը կամ իրավապահ մարմինները ձեռնարկում են միջոցներ, որ փաստաբանը կարողանա ազատորեն տրամադրել իրավաբանական օգնություն, կամ արդյո՞ք ներկայում փաստաբանները գտնվում են պետության պաշտպանության ներքո, կամ արդյո՞ք փաստաբանական գաղտնիքը պաշտպանված է Հայաստանում: Սարգիս Գրիգորյանը վստահ է՝ այսօր ՀՀ-ում փաստաբանները չեն գտնվում պետության պաշտպանության ներքո:

Հավաք-քննարկման ժամանակ Գրիգորյանը անդրադարձավ փաստաբանական գաղտնիքին՝ որպես դատավարական հիմնարար իրավունք:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  8-րդ հոդվածը պաշտպանում է ցանկացած տեսակի նամակագրության պաշտպանությունը, ու առավել ուժեղ պաշտպանություն է տալիս այն նամակագրությանը, որը տեղի է ունենում փաստաբանի և վստահորդի միջև: Մասնագիտական գաղտնիքը փաստաբանի և վստահորդի միջև վստահության հիմնասյունն է, և այդ գաղտնիքի նկատմամբ ոտնձգության ցանկացած վտանգ կարող է հետևանքներ ունենալ  արդարադատության պատշաճ իրականացման և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր իրավունքների վրա»,- ասաց իրավաբանը:

Հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նամակագրություն բառն օգտագործելիս ոչ միայն նկատի ունի փաստաբանի և վստահորդի միջև հաղորդագրությունները, այլև համակարգչի կոշտ սկավառակները, ֆայլերը և հաղորդակցության այլ միջոցներ, որոնք փոխանցվում են փաստաբանի և վստահորդի միջև:

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ պետք է նաև ուշադրություն դարձնել փաստաբանների գրասենյակների, բնակարանների խուզարկությանն ու այդ ինստիտուտի ձևավորմանը: Ըստ նրա՝ այս դեպքում կարելի է կիրառել եվրոպական լավագույն փորձը, որի համաձայն՝ խուզարկությունների և վերահսկման որոշումների կայացման գործընթացում դատարաններում ներգրավում են նաև Փաստաբանների պալատի նախագահին կամ նրա լիազորած անձին, որը մասնակցում է ամբողջ գործընթացին:

Ս. Գրիգորյանի մեկ այլ  հետաքրքիր դիտարկում: Առ այսօր Հայաստանից փաստաբանական գաղտնիքի խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատ չի ներկայացվել:

«Դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: Վատ՝ այն իմաստով, որ փաստացի Հայաստանում չկան այն ինստիտուցիոնալ կամ պրակտիկ երաշխիքները, որոնք փաստացի կպաշտպանեն փաստաբանական գաղտնիքը»,- հավելեց նա:

Փաստաբանների նախաձեռնած քննարկմանը փաստաբանների նկատմամբ մասնագիտական պարտականությունների կատարման դեմ ճնշումներին  ու խոչընդոտներին անդրադարձավ նաև փաստաբան Հայկ Ալումյանը՝ դրանք պայմանականորեն բաժանելով երկու խմբի:

Ըստ նրա՝ «Երբ իշխանությունները միջամտում են մեր և վստահորդների հարաբերություններին, օրինակ՝ գաղտնալսում են, կոտրում են էլեկտրոնային փոստերը: Դրա նպատակն ինֆորմացիան իրենց համար հակաօրինական ճանապարհով մատչելի դարձնելն է: Երկրորդ՝ մեզ փորձում են ճնշել բարոյապես և ֆիզիկապես: Դրա նպատակը՝ մեր կամքը և մեր վստահորդներին քրեական գործերով պատշաճ իրավական օգնություն ցույց տալու ցանկությունն ու հնարավորությունը կոտրելն է»: Նա հույս հայտնեց, որ հավաք-քննարկմանը կհաջորդի պատշաճ գործողությունների ձեռնարկումը:

Տեսանյութեր

Լրահոս