Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող ճամփորդանավում ևս 99 մարդ է վարակվել կորոնավիրուսով
Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավում Covid-19 կորոնավիրուսով վարակում է հայտնաբերվել եւս 99 մարդու մոտ: Այդ մասին ասված է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության` փետրվարի 17-ին տարածված հաղորդագրության մեջ։
Այդպիսով՝ ճամփորդանավում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 454-ի: Վարակվածների նոր խմբում կա 43 ճապոնացի, մնացածների քաղաքացիությունն առայժմ չի ճշտվում: Ինչպես նշում է NHK հեռուստաալիքը, մինչ այժմ բժիշկները ճամփորդանավում կորոնավիրուսի առկայությունն ստուգել են ավելի քան 1700 մարդու մոտ: Մի շարք դեպքերում վարակվածների մոտ հիվանդության ախտանշանները չեն դրսեւորվում: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում: Տարահանման պարտադիր պայման է կորոնավիրուսի բացասական թեստը: Ամերիկացիներին, որոնց թիվը նավում եղել է ավելի քան 400, հայրենիք կտանեն Kalitta Air-ի վարձաչվերթներով: Նրանց բոլորին կտեղափոխեն ամերիկյան ռազմակայաններ, որտեղ նրանք պետք է դարձյալ երկշաբաթյա կարանտին անցնեն:
Միեւնույն ժամանակ ճապոնացի բժիշկները հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի՝ հանրանավում գտնվող 40-ից ավելի քաղաքացիների մոտ: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, նրանք բուժընթաց կանցնեն Ճապոնիայի բուժհիմնարկներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: