Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել, այդ թվում՝ ինքնաձիգ
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Գլաձոր գյուղի 42-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել էր խորդանոցում։
Փետրվարի 14-ին ոստիկանության Ջերմուկի բաժին եկած 37-ամյա տղամարդը, որը հենց Ջերմուկի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով ակոսափող հրացան, ինքնաձիգի փամփշտատուփեր, նռնակներ, օպտիակական նշանառության սարք և տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել էր նկուղը մաքրելիս։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Վարդենիսի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ քեռու գործարանային համարով ատրճանակը, նռնակ և ինքնաձիգի 80 փափուշտ։
Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մեծամոր գյուղի 40-ամյա մի բնակիչ բաժին է բերել կարճեցված փողով առանց խզակոթի հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ, և 110-ից ավելի փափուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Գայ գյուղի 62-ամյա մի բնակչուհի ոստիկանության Վաղարշապատի բաժին էր բերել հանգուցյալ ամուսնու կարճեցված փողով հրացանը, հակատանկային ական, պայթուցիչ և տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր տանիքը մաքրելիս։
«Շմայսեր» տեսակի դատարկ պահունակով ինքնաձիգն էլ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է Արմավիր քաղաքի 45-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։