Բենքսին Բրիսթոլում գրաֆիտի է նկարել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ
Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել է Instagram-ի իր էջում։
Գրաֆիտիում պատկերված է ճեղապարսատիկ արձակող աղջիկ: Նրա վերեւում արձակման հետագծով սալյուտ է կամ պայթյուն հիշեցնող վառ կարմիր բիծ:
Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ այն կատարված է պլաստիկե ծաղիկներով եւ տերեւներով: Բենքսիի գործերը, որն իր ստեղծագործությամբ արծարծում է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երեսպաշտության հարցեր, մեծ ժողովրդականություն են վայելում: Նկարչին մինչ այժմ հաջողվում է գաղտնի պահել իր ինքնությունը. ոչ մեկին, բացի նրա ամենամերձավոր օգնականներից, հայտնի չէ, թե նա ինչ տեսք ունի եւ թե իրականում ինչ է նրա անունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: