«Օրվա քաղաքական իշխանությունը երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ». ՀՅԴ

Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:

Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:

Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:

Ըստ այդմ.

1. Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը:

2. Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

13.02.2020 թ.

Տեսանյութեր

Լրահոս