Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի տուրքի մասին օրենքի գործունեության ժամկետը
ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Այս մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը»,- ասաց Ավանեսյանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում:
Ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչև 2020 թ. ապրիլի 1-ը: