Մթնոլորտի օզոնային աղտոտումը տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլում
Բնապահպանները հետեւել են Երկրի չորս հարյուր խոշորագույն քաղաքների մթնոլորտի վիճակին եւ պարզել, որ օդի օզոնային աղտոտումը տարեկան դրանց մոտավորապես 13 հազար բնակիչների կյանք է խլում: Գիտնականների դիտարկումների արդյունքները շարադրվել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում։
«Մեր չափումների արդյունքները ցույց են տալիս, որ կարելի կլիներ գրեթե բոլոր այդ հետեւանքներից խուսափել, եթե մեգապոլիսների իշխանությունները հետեւեին օդում օզոնի կոնցենտրացիայի այն ստանդարտներին, որոնք սահմանված են ԱՀԿ-ի նորմերով»,-գրում են հետազոտողները:
ԱՀԿ-ի ընթացիկ գնահատումների համաձայն, շուրջ 7 մլն մարդ է ամեն տարի մահանում տարբեր վնասակար նյութերով ու քաղցկեղածիններով մթնոլորտի աղտոտման պատճառով: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ մահերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել:
Ընդ որում գիտնականները դեռ փոխհամաձայնության չեն հասել այն բանի շուրջ, թե օդի աղտոտիչների որ տեսակներն են հատկապես վտանգավոր մարդկանց եւ ընտանի կենդանիների առողջության համար: Այդ աղտոտիչների թվում է նաեւ օզոնը՝ գազ, որի մոլեկուլները բաղկացած են թթվածնի երեք ատոմից: Երբ այն հայտնվում է Երկրի մթնոլորտի ստորին շերտերում, այն դադարում է նրա բնակիչներին պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես դա անում է ստրատոսֆերային օզոնը, եւ դառնում է հզոր ջերմոցային գազ, ինչպես նաեւ տարբեր թունավոր աէրոզոլների «գեներատոր», որոնք իրենց մեջ պարունակում են ծծմբային եւ ազոտային թթուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: