Ո՞րն է Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նպատակը՝ ըստ Ռուստամ Բադասյանի

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել  կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահատման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը նպատակ ունի ապահովել մասնագիտացում ունեցող կառույցի ներկայությունը իրավապահ համակարգում, որպեսզի կոռուպցիոն բնույթի հանցագործություններն արդյունավետ քննվեն:

«Մարմնի ստեղծման նպատակն այն է, որ հանցագործությունները քննվեն այնպիսի մասնագետների՝ քննիչների և օպերատիվ հետախուզություն գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից, որոնք ունեն բավարար պատրաստում ֆինանսական հետաքննությունների՝ միջազգային համագործակցության մասով, տիրապետում են միջազգային պայմանագրերից բխող հարցումներ կատարելու, համագործակցելու գործընկեր կառույցների հետ բավարար փորձով և կարող են արդյունավետ պայքար ապահովել կոռուպցիոն հանցագործություններով»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նախարարի կարծիքով՝ մարմնի ստեղծման հիմնական խոչընդոտը կապված է կազմավորման խնդիրների հետ: Նախարարությունը պատրաստվում է գործող քննչական մարմիններից փորձառու քննիչներին տեղափոխել կոմիտե, ստուգել նրանց բարեվարքությունը՝ թեկուզ կոռուպցիայի փորձ «բեմադրելով», ներգրավվելու են նաև նոր կադրեր, որոնք ևս բարեվարքության ստուգում են անցնելու և ուսումնական կարճ ծրագրով պատրաստելու կամ վերապատրաստելու են նրանց:

«Ցանկացած նոր կառույցի ստեղծումըն ինքնին սթրեսային իրավիճակ է՝ կապված նոր կառույցի շենքային պայմանների, տեխնիկական միջոցների ապահովման հետ: Բայց կարծում եմ՝ մենք մեր միջազգային գործընկերների հետ համատեղ կկարողանանք շատ հարթ բոլոր խնդիրները հարթել»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ Հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանը զուգահեռ 2021 թվականին նաև ստեղծվելու է հակակոռուպցիոն դատարան: Օրենքի նախագծի ընդունմամբ արդարադատության նախարարությունն ակնակալում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտում:

Ընդդիմությունն ասում է, թե միայն խոսքերով ու սեփական քիմքին հարիր մարմին ստեղծելով կոռոիպցիան արմատախիլ անել չեն կարող, իշխանությունից էլ ի պատասխան հորդորում են կարդալ միջազգային կառույցների վերջին արձագանքները ու սպասել կառույցի գործունեությանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս